Անթալիա-Մոսկվա չվերթի ուղևորները ստիպված են եղել մեկուկես ժամ մնալ ինքնաթիռում՝ +45 աստիճանի պայմաններում (տեսանյութ)
Turkish Airlines ավիաընկերության 3984 չվերթի ուղևորները ստիպված են եղել ավելի քան մեկուկես ժամ մնալ ինքնաթիռի սրահում՝ +45 աստիճանի պայմաններում: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակվել է «Мобильный репортер» լրատվական նախագծի կայքում:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ հուլիսի 25-ին: Ինքնաթիռում, որը պետք է թուրքական Անթալիայից թռչեր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, չեն աշխատել օդորակիչները և օդափոխման համակարգը:
Նշվում է, որ մի երեխայի մոտ շոգի պատճառով բրոնխիալ ասթմայի նոպա է սկսվել:
Ընդ որում՝ անձնակազմը մերժել է ուղևորների խնդրանքը՝ բացել դռները և իրենց դուրս թողնել ինքնաթիռից:
Turkish Airlines-ի աշխատակիցների խոսքերով՝ օդորակիչները պետք է աշխատեին միայն թռիչքից հետո:
Արդյունքում՝ ուղևորներն ավելի քան մեկ ժամ մնացել են ինքնաթիռում մինչև օդանավը սկսել է թռիչքը: Թռիչքից 30 րոպե անց սրահում ջերմաստիճանը սկսել է նվազել:










