Թուրքիա պետությունը սերիական մարդասպան է. դատարանի առաջ կանգնած թուրք լրագրողը հիշեցրել է իշխանություններին նաև Հայոց ցեղասպանության մասին

23:47 • 27.07.17

Անկարայում շարունակվում է թուրքական ամենահայտնի ընդդիմադիր թերթի՝ «Ջումհուրիյեթ»-ի խմբագրակազմի դեմ դատական գործընթացը։

Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 11-ին Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն էր իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ էին իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում:

Թերթի լրագրողներից Ահմեդ Շըքը, ում պաշտպանական ճառը թուրքական «Ջումհուրիյեթ»-ն անվանել է «պատմական», դատարանի առաջ մեղադրել է թուրքական իշխանություններին ահաբեկիչ ու ցեղասպան լինելու մեջ և հիշեցրել բոլորին Թուրքիայի «արյունոտ» անցյալը։

Նշենք, որ «Ջումհուրիյեթ» թերթը դեռևս անցյալ տարվա մայիսին էր հայտնվել իշխանությունների և, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուշադրության կենտրոնում: Թերթը հրապարակել էր աղմկահարույց լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է թուրքական կողմը ՄՃՓ («Միջազգային ճանապարհային փոխադրումներ») միջազգային բեռնափոխադրման մասին մաքսային կոնվենցիայի շրջանակում Սիրիա փոխադրվող բեռների հետ նաև զենք-զինամթերք տեղափոխում: «Ահա այն զենքերը, որոնց մասին Էրդողանն ասում էր, թե չկան» վերնագրով հոդվածում «Ջումհուրիյեթի» թղթակիցը պնդել էր, որ բեռնատարը պատկանել է Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեին:

Դատարանի առաջ կանգնած Շըքը, խոսելով ռազմական հեղաշրջման փորձի ու նրանց թերթի՝ հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ ունեցած կապի վերաբերյալ մեղադրանքների մասին, պնդել է, որ Թուրքիայի իշխանությունները հավասարազոր պատասխանատվություն պետք է կրեն ռազմական հեղաշրջման փորձի համար, քանի որ դրա կազմակերպման մեջ մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ու նրա թիմակիցներին պետական համակարգ է բերել և ոչ մի հարցում չի մերժել հենց Թուրքիայի ներկայի իշխանությունը, որը ժամանակին շատ ջերմ հարաբերություններ է ունեցել Գյուլենի հետ: Լրագրողը պնդել է, որ Թուրքիայի նախագահն օգտագործել է հեղաշրջման փորձն իր իսկ քաղաքական նպատակաների համար և «վերահսկել քաոսը»:

«Դուք չեք խաբվել ապստամբների կողմից, ոչ, դուք մեզ եք փորձել խաբել», - հայտարարել է դատարանի առաջ կանգնած Շըքը` հիշեցնելով նախագահի հայտնի խոսքն, ըստ որի հեղաշրջման փորձն իսկական պարգև էր Թուրքիայի համար:

«Հեղաշրջման փորձի գլխավոր թիրախը հանդիսացող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինքն էլ բերանից թռցրեց այն խոսքը, թե այդ հեղաշրջման փորձն իսկական պարգև էր Ալլահի կողմից նրա համար: Թե ինչ նկատի ուներ նա «պարգև» ասելով` բոլորս տեսնում ենք և վերապրում», - ասել է Շըքը:

Դատավորի այն հարցին, թե ինչ է մտածում Շըքը Հետախուզական կոմիտեին պատկանող բեռնատարների հետ կապված աղմկահարույց լուրի մասին, վերջինս պատասխանել է. «Հպարտանում եմ այդ հոդվածով»:

Իր մի քանի տասնյակ էջանոց պաշտպանական ճառի ամենավերջում Ահմեդ Շըքը մեղադրել է Թուրքիա պետությանը պարբերական կոտորածներ, ցեղասպանությունների ու ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ և խոսել նաև Հայոց ցեղասպանության ու Հրանտ Դինքի մասին:

«Դուք ասել եք, որ պետությունը մարդասպան է: Շարունակո՞ւմ եք ձեր այդ պնդումը», - հարցրել է դատավորը:

«Պետության պատմությունն արյունոտ է: Հայերը, Հրանտը, Սիրիան…. Քիչ եմ ասել, մարդասպան չէ, սերիական մարդասպան է պետությունը: Մեզ մեղադրում եք ահաբեկիչների հետ կապերի համար, երեք օր է դատարանում լրագրողական գործունեությանս մասին եք հարցնում: Ի գիտություն` ձեր փնտրած ահաբեկչական խմբավորումը քաղաքական կուսակցության անվան տակ ղեկավարում է այս երկիրը: Վերջ», - ասել է լրագրողն ու դատարանից հեռանալուց առաջ բացականչել` «Կորչի բռնապետությունը, կեցցե ազատությունը»:

Related image
 
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև հոկտեմբերի 2-ը ժամանակ է տվել Թուրքիայի իշխանություններին, որպեսզի հանդես գան դատարանում բացատրական ճառով ու բացատրեն, թե ինչ հիմունքներով են ձերբակալել թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի լրագրողներին ու ղեկավար կազմին։