ԱՄՆ-ում մեքսիկացին անտիֆրիզ է խմել ներգաղթյալների հետ շոգ բեռնատարում ողջ մնալու համար

10:19 • 27.07.17

Մեքսիկացի Մանուել Չավեսը ստիպված է եղել անտիֆրիզ (հակասառիչ նյութ) խմել, որպեսզի ինչ-որ կերպ հագեցնի ծարավը, մեղմացնի շոգն ու կարողանա ողջ մնալ ներգաղթյալների հետ տոթ բեռնատարում, հայտնում է Excelsior-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքն ԱՄՆ-ում կանգնեցված մեքենայի մասին է: Սան Անտոնիո քաղաքում ոստիկանները բեռնատարի կցասայլում հայտնաբերել էին 10 ներգաղթյալի դի: Ընդհանուր առմամբ, մեքենայում գտնվել է մոտ 40 մարդ: Վարորդին՝ 60-ամյա Ջեյմս Բրեդլիին, մեղադրանքներ են առաջադրվել:

Նշվում է, որ 42-ամյա Չավեսին կցասայլից հանել են անգիտակից վիճակում: Նրա ընկերուհին լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատմել է, որ Չավեսն անտիֆրիզը խմել է, քանի որ ինչ-որ հեղուկ ընդունելու կարիք է ունեցել, մինչդեռ կցասայլում անտիֆրիզից բացի այլ բան չի եղել:

Ներկայում Չավեսը գտնվում է Սան Անտոնիոյի հոսպիտալում, նա արդեն դուրս է եկել կոմայից ու շփվում է  հարազատների հետ: Բժիշկների խոսքով՝ անտիֆրիզ խմելուց հետո մեքսիկացին ապագայում կարող է լուրջ առողջական խնդիրներ ունենալ լյարդի, ուղեղի ու երիկամների հետ: