Էջմիածնում հինգերորդ հարկից նետված աղջիկը տեղափոխվել է Երևան. վիճակը ծանր է

18:09 • 27.07.17

Էջմիածին քաղաքում չգործող հյուրանոցի տանիքից նետված 15-ամյա աղջիկը, ում անկումը կանխվել էր ոստիկանների կողմից, տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Tert.am-ի հետ զրույցում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ այս պահի դրությամբ 15-ամյա աղջիկը հետազոտվում է:

«Նրա վիճակը դեռևս վերջնական գնահատել հնարավոր չէ,սակայն այս պահի դրությամբ վիճակը ծանր է: Աղջիկը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, կոտրվածքներ ունի»,-ասաց Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ այսօր  ահազանգ է ստացվել, որ Էջմիածնում չգործող հինգ հարկանի հյուրանոցի տանիքից քաղաքացին սպառնում է ցած նետվել:  Ահազանգից հետո ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր՝ Վազգեն Առաջին փողոց: Ոստիկանության ծառայողները՝ 6-7 ոստիկան նկատել են, որ աղջիկը ցած է նետվում, հաշվարկելով անկման ուղղությունը ձեռքերով շղթա են կազմել և կանխել անչափահասի ինքնասպանության փորձը, այնուհետև նրան տեղափոխել են հիվանդանոց: