Ամերիկացի կոնգրեսականը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է «ապտակ հասցնի» Իրանին՝ նոր պատժամիջոցներ սահմանելով

10:11 • 27.07.17

ԱՄՆ-ն չպետք է «ապտակ հասցնի» Իրանին և երկրի դեմ նոր պատժամիջոցներ սահմանի, քանի որ Թեհրանը կատարում է միջուկային գործարքի վերաբերյալ պայմանավորվածությունները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Դունկանը:


Դունկանը Ներկայացուցիչների պալատի երեք անդամներից մեկն է, ով դեմ է քվեարկել Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ օրենքի նախագծին:


«Նախօրեին ես քվեարկել եմ Ռուսաստանի և Իրանի դեմ գոյություն ունեցող պատժամիջոցների խստացման օրենքի նախագծի դեմ: Մինչ այդ ես քվեարկել եմ Իրանի դեմ նախնական պատժամիջոցներ սահմանելու օգտին, բայց ես չէի կարծում, որ դրանք պետք է ընդլայնվեին, քանի որ Պետքարտուղարությունը երկու անգամ հաստատել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Իրանի կողմից միջուկային ծրագրի հարցով համաձայնագրերի դրույթների պահպանումը»,- ասել է գործակալության զրուցակիցը:


Նա նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է «ապտակի» Իրանին այն ժամանակ, «երբ նրանք անում են այն, ինչ մենք նրանցից ուզում ենք»:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է մեծ խնդիրներով, եթե Թեհրանը չպահպանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրության հետ կնքած համաձայնագիրը: 


Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել է Վիեննայում 2015 թվականի հուլիսի 14-ին։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանը և «վեցյակը»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։