Երուսաղեմի մուֆթին հայտարարել է Տաճարի լեռան շուրջ կոնֆլիկտի կարգավորման մասին
Երուսաղեմի մուֆթի Մուհամեդ Հուսեյնը հայտարարել է Տաճարի լեռան շուրջ կոնֆլիկտի կարգավորման և իսլամի՝ նշանակությամբ երրորդ սրբավայրի տարածքում աղոթքները վերսկսելու պատրաստակամության մասին: Այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ հայտարարությունը կարող է նշանակել, որ տեղի արաբա-մահմեդական համայնքի կրոնական առաջնորդները բավարար են համարել Իսրայելի զիջումները, որն անցած գիշեր ապամոնտաժել է Տաճարի լեռան գլխավոր մուտքի մոտ տեղադրված վերջին սարքավորումները, որոնք նախատեսվում էր օգտագործել այցելուներին ստուգելու համար:
«Իրավիճակը կարգավորվել է: Մենք կաղոթենք Ալ-Աքսայում»,- ասել է մուֆթին:
Ավելի վաղ իսրայելական ոստիկանությունը հայտարարել է Երուսաղեմի Տաճարի լեռան շրջանում անվտանգության միջոցների չեղարկման մասին, որոնց դեմ գրեթե երկու շաբաթ բողոքում էր արաբա-մահմեդական համայնքը:
«Այսօր առավոտյան մենք գրեթե ամբողջությամբ վերադարձել ենք մինչև ահաբեկչությունը լեռան վրա գոյություն ունեցող իրավիճակին»,- ասել է ոստիկանության բարձրաստիճան սպան:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում և Արևմտյան ափին իրավիճակը լարվել է հուլիսի 14-ին Տաճարի լեռան տարածքից երեք իսրայելաբնակ արաբների հարձակումից հետո, որի հետևանքով երկու իսրայելցի ոստիկան էր զոհվել: Հարձակումից հետո իսրայելական իշխանությունները մետաղորսիչներ էին տեղադրել Երուսաղեմի հին քաղաքի ամենակարևոր կրոնական սրբավայրերից մեկի՝ Տաճարի լեռան վրա:
Արաբները զանգվածային աղոթքներ էին կազմակերպել Երուսաղեմի փողոցներում՝ հրաժարվելով Տաճարի լեռան մզկիթների մոտ բարձրանալ անվտանգության նկատառումներով տեղադրված մետաղական դետեկտորների միջով, և որոշ հատվածներում բախումներ էին սկսվել Իսրայելի ոստիկանության հետ:










