Հնարավոր է՝ չհասցնենք խնդիրներին զուգահեռ լուծումներ տալ. Գագիկ Մակարյանը՝ ԵԱՏՄ նոր սահմանափակումների մասին
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները: Այդ պահանջների թվում է նաև այն, որ առանց մաքսազերծման կարելի է ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք (գրեթե բոլոր տեսակի մրգերը և բանջարեղենը), ինչը զայրացրել էր նաև գյուղացիներին: Շուտով ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումներ ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք դրույթների հետ կապված, որոնց թվում կա նաև մեքենաների մաքսազերծման հետ կապված դրույթ:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին այս պատկերն ամենևին չի զարմացնում: Նա Tert.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո 800 ապրանքատեսակներ հաստատվեցին և պարզաբանվեց, թե որոնք պետք է ազատված լինեն լրացուցիչ տուրքերից, ինչպես նաև նրանք, որոնք 18-20 թվականներին պետք է ենթարկվեն լրացուցիչ տուրքերի: Նրա խոսքով՝ թվացյալ նոր դրույթները, իրականում, արդեն իսկ սկսված գործընթացների շարունակությունն են:
Հարցին՝ մեր շուկան հիմա պատրա՞ստ է այս փոփոխություններին, Մակարյանը պատասխանեց. «Անգամ եթե մենք հիմա պատրաստ չենք այս փոփոխություններին, միևնույն է, սա միայն ԵՏՄ-ի խնդիրը չէ, սա մեր պետական մարմինների խնդիրն է: Բան այն է, որ այս ժամանակահատվածում մենք պետք է այնպիսի զարգացումներ ունենայինք, որ այս դրույթները մեզ վրա բացասաբար չազդեին, կամ էլ պետք է հասարակությանը լավ իրազեկեինք, որ մարդիկ հանկարծակի չգային»:
Տնտեսագետը նկատեց, որ նման իրավիճակում Հայաստանն առաջին անգամ չէ: Նրա խոսքով՝ նման պատկեր է եղել նաև այն ժամանակ, երբ դարձել ենք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, քանի որ այստեղ էլ գյուղացիական մթերքները չհարկելու համար 8 տարի ժամկետ էին վերցրել։
«8 տարին անցավ, 8 տարի հետո մենք կրկին պատրաստ չէինք: Ստիպված եղանք անցնել պարզեցված հարկի մոդելին, որը թույլ էր տալիս գյուղացիներին ավելի քիչ հարկվել, քանի որ իրենց ծավալները 58.3 մլնի շրջանակում են: Հիմա ԵԱՏՄ-ի դեպքում էլ կամ մենք պետք է այդ նույն օրենքների շրջանակում փորձենք տեղավորվել, քանի որ ԵՏՄ թույլ է տալիս, որ ամեն մի երկիր իր հարկային օրենսգիրքն ինքնուրույն զարգացնի, կամ պետք է լավ իրազեկենք»,- շարունակեց նա
Մակարյանը գտնում է, որ նոր դրույթերի կյանքի կոչման պարագայում խնդիրներ կառաջանան, ավելին՝ չբացառեց, որ չհասցնենք խնդիրներին զուգահեռ լուծումներ տալ: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում արդեն իսկ ձեռագիր է դարձել խնդիրներին ուշացած լուծումներ տալը:
«Գոնե հարկավոր է շատ լավ իրազեկել, որ քաղաքացիները, բիզնեսը հանկարծակիի չգան, չշփոթվեն և տուժեն սահմանի վրա, որովհետև սահմանին կարող են ասել, որ օրենք է փոխվել և այլն: Մանավանդ այս սեզոնին, երբ բավականին ակտիվ արտահանման շրջան է, պետք է լավ իրազեկել: Խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ այդ խնդիրներին զուգահեռ կարող ենք նաև լավագույն ձևով լուծումներ չտալ»,-ընդգծեց Գագիկ Մակարյանը:










