Հասարակությունը չի ներելու նեխած բամբասանքները. Մ. Թանդիլյանը՝ Զ. Փոստանջյանի հայտարարության մասին
Ես որևէ ադեկվատ քաղաքական ուժ չեմ ճանաչում, որը «Ելք»-ի հասցեին նման անհեթեթ մեղադրանք կհնչեցնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին:
«Կարելի է քննադատել «Ելք»-ին այս կամ այն պատճառով, հավանություն տալ կամ չտալ նրա գործունեությանը: Դրանք կարելի է լսել այն վերապահմամբ, որ «Ելք»-ը բազմաթիվ քաղաքական ուժերի և գործիչների դուրս է թողել քաղաքական ակտիվ կյանքից: Ես ըմբռնումով եմ մոտենում: Բայց անբովանդակ, նեխած բամբասանքները ու քաղաքական դատարկաբանությունը հասարակությունը չի ներելու որևէ մեկին: Ես հաջողություն եմ մաղթում իրենց այդ անշնորհակալ և ձախողված ճանապարհին»,- նշեց Թանդիլյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ իրենք քաղաքական դաշտում գործընկերներ չունեն, քանի որ բոլորը գործող համակարգի սպասարկուներն են։
«Մեր միակ գործընկերը ընդդիմադիր հանրությունն է: Քաղաքական ուժերը գործող համակարգի, իշխանության սպասարկուներն են: «Ելքը» և «Հանրապետականը» ինձ համար մի աստիճանի վրա են»,- ասել էր Փոստանջյանը:










