«Երկիր Ծիրանին» արտագրել է ՀՀԿ նախընտրական ծրագիրը. Ն. Նահապետյանը՝ Զ. Փոստանջյանի՝ վերելակների գործարան ստեղծելու գաղափարի մասին
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները վերցրել են մեր նախընտրական ծրագիրը, արտագրել դա և հետո ներկայացրել որպես իրենց փայլուն միտք: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը՝ անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ վերելակների գործարան ստեղծելու հայտարարությանը:
Նրա տեղեկացմամբ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրի առաջին կետը վերաբերում է տրանսպորտի ոլորտի բարեփոխումներին, իսկ երկրորդ կետը՝ վերելակների արդիականացմանը և փոխարինմանը:
«Վերելակների փոխարինումը և արդիականացումն արդեն նախատեսված է, հայտարարված է միջազգային մրցույթ: Մրցույթին մասնակցում են այն արտադրող կազմակերպությունները, որոնք այս ոլորտում ունեն բավականին մեծ փորձ և վերելակների համար էժան գին կառաջարկեն»,- նշեց Նահապետյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ մտադիր են վերելակների արտադրության գործարան կառուցելու ուղղությամբ աշխատանքներ տանել: Եթե ամբողջական արտադրությունը չլինի, գոնե հնարավոր կլինի պահեստամասերը արտադրել վերելակները վերանորոգելու համար: «Երկիր Ծիրանիի» անդամները նշել են, որ Երևանի բազմաբնակարան շենքերում վերելակների թիվը 4551 է, որոնք ունեն անհետաձգելի վերանորոգման կամ փոխարինման անհրաժեշտություն:
Նաիրա Նահապետյանի խոսքով՝ վերելակների գործարան կառուցելու անհրաժեշտությունը երբևէ չի ուսումնասիրվել: Բացի այդ, նա համոզված է, որ գործարան կառուցելը ոչ թե քաղաքապետարանի, այլ կառավարության գործառույթն է:
«Եթե գործարան պետք է կառուցվի, առաջինը իրենք պետք է շուկան ուսումնասիրել, բայց իրենք անտեղյակ են տնտեսությունից: Երբ վերելակն արտադրում ես, դու պետք է շուկա ունենաս: Իսկ Երևանի 4-5 հազար վերելակից հետո գործարանը ի՞նչ են անելու, վաճառելո՞ւ են»,- նկատեց Նահապետյանը:
Հարցին, թե քաղաքապետարանը ինչ ֆինանսական միջոցներով է իրականացնելու վերելակների արդիականացումը և փոխարինումը, Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամը պատասխանեց. «Կառավարությունն արդեն այդ ծրագրի ուղղությամբ ֆինանսական պայմանավորվածություններ ունի: Բանկերի հետ բանակցային գործընթաց է գնում, բայց դա դեռ վերջնական որոշված չէ: Կարող է այդպես լինել, կարող է մեր գումարներով արվել կամ էլ ընդհանրապես ոչ մի գումար էլ չլինել: Կարող է այն կազմակերպությունը, որը կշահի տենդերը, կբերի, կտեղադրի և սպասարկման ոլորտը կտանք իրենց»,- ասաց Նահապետյանը:










