Սաակաշվիլիի կուսակցությունը հանրահավաք է հրավիրել Կիևում՝ Մայդանում

12:47 • 27.07.17

Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը պատրաստվում է հինգշաբթի հանրահավաք անցկացնել Կիևում՝ Անկախության հրապարակում: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում կուսակցության պաշտոնական էջում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Սաակաշվիլիի համար չէ: Այլ նրանց (ուկրաինական իշխանությունների) ամենաթողության դեմ, նրա դեմ, որ նրանք ցինիկ կերպով թքում են մեր դեմքին և ցույց են տալիս, որ մեր իրավունքները նրանց համար ոչինչ են»,- ասված է հաղորդագրությունում:


Ուկրաինայի իշխանությունը «հատել է սահմանը» և «վերջնականորեն դեն է նետել դիմակները», հայտարարել են կուսակցությունում:


«Նոր ուժերի շարժումը» կոչ է արել աջակիցներին իրենց հետ Մայդան տանել ուկրաինական դրոշներ, ուկրաինական անձնագրեր և երկրի սահմանադրությունը:


Ավելի վաղ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու իրավունքի համար՝ չնայած, որ իշխանություններն իրեն զրկել են քաղաքացիությունից: 


«Ես սովորական ուկրաինացի եմ: Հիմա իշխանություններն ինձ հետ վարվում են ճիշտ այնպես, ինչպես շարքային քաղաքացիների հետ՝ անտեսելով նրանց իրավունքները: Ես Ուկրաինայում եմ ապրել ավելի քան 13 տարի, մասնակցել եմ 3 հեղափոխության: Ես ունեմ միայն մի քաղաքացիություն՝ ուկրաինական, և ես դրանից չեմ զրկվի: Ես մեկ այլ վայրում չեմ մնա ու չեմ փոխի կարգավիճակս, ես պայքարելու եմ Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունքիս համար»,- հայտարարել է Սաակաշվիլին:


Նա նաև հավելել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն «թքած ունի Սահմանադրության վրա, որի երաշխավորը պետք է լինի»:


Հուլիսի 26-ին նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Նշվում էր, որ Վրաստանի նախկին նախագահն անկետա լրացնելու ժամանակ կեղծ տվյալներ է նշել: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում: