Սաակաշվիլիի կուսակցությունում հայտարարել են, որ նա մտադիր է բողոքարկել քաղաքացիությունից զրկումը

18:21 • 27.07.17

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է բողոքարկել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիրը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իր ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության մամուլի ծառայությունից:


«Այդ հրամանագիրը կբողոքարկվի դատարանում: Փաստաբաններն արդեն պատրաստում են փաստաթղթերը»,- ասել են մամուլի ծառայությունում:


Ավելի վաղ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու իրավունքի համար՝ չնայած, որ իշխանություններն իրեն զրկել են քաղաքացիությունից: 


Հուլիսի 26-ին նախագահ Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Նշվում էր, որ Վրաստանի նախկին նախագահն անկետա լրացնելու ժամանակ կեղծ տվյալներ է նշել: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում:


Սաակաշվիլին նախկինում հայտարարում էր, որ Վրաստանի քաղաքացիությունից զրկվելուց հետո նա ունի միայն ուկրաինական քաղաքացիություն: