Ինչու է թանկանում եվրոն. տնտեսագետների հայացքով

20:27 • 28.07.17

Եվրոյի փոխարժեքը  վերջին շրջանում աստիճանաբար, բայց  հետևողականորեն աճում է: Այսօր՝ հուլիսի 28-ին արդեն մեկ եվրոն հայաստանյան ռեզիդենտ բանկերի կողմից վաճառվում էր 569 դրամ փոխարժեքով:

Համեմատության համար ներկայացնենք եվրոյի փոխարժեքների ավելացումները վերջին ամիսների կտրվածքով.  մասնավորապես, հունիսի 28-ին 1 եվրոն գնվում էր 549 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, մայիսի 27-ին 1 եվրոն գնվում էր 545 դրամ առավելագույն փոխարժեքով,  ապրիլի 27-ին 1 եվրոն գնվում էր 535 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով,  մարտի 27-ին՝ 531 ՀՀ դրամ, փետրվարի 28- ին՝ 520 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով: Իսկ տարեսկզբին՝ մի քանի օր եվրո կարելի էր գնել անգամ 500 դրամով:

Tert.am–ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը եվրոյի փոխարժեքի հետևողական աճը բացատրեց հետևյալ կերպ. «Դա կարող է պայմանավորված լինել Եվրամիությունից ապրանքների, սարքավորումների և տեխնոլոգիաների ներմուծման ծավալների աճով, որովհետև ներկայումս Հայաստանում իրականացվում են մեծ ներդրումային ծրագրեր: Այսինքն՝ օտարերկրյա ներդրողը գալիս է դոլարով, այն վերածում է եվրոյի, որ ներմուծում անի՝ Ֆրանսիայից, Գերմանիայից»:

Մյուս կողմից՝ տնտեսագետը չի բացառում, որ դրամի նկատմամբ եվրոյի կտրուկ և հետևողական արժևորումը կարող է պայմանավորված լինել սպեկուլյատիվ վարքագծով. «Մարդիկ սպասումներ ունեն, որ հնարավոր է էլի արժեզրկվի դրամը, եվրոն թանկանա, իրենք ներդրում են անում, որ հետագայում թանկով վաճառեն»:

Ասվածի  համատեքստում տնտեսագետը տեսնում է Կենտրոնական բանկի կողմից ինտերվենցիա անելու քաղաքականության անհրաժեշտություն:

Տնտեսագետ Կարեն Խալաֆյանը, hակառակը, նման անհրաժեշտություն չի տեսնում և ասաց, որ իրականում եվրոյի թանկացումը որևէ կապ չունի հայաստանյան իրողությունների հետ:

«Սա միջազգային թրենդ է. ողջ աշխարհում եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ և, քանի որ Հայաստանում դոլարի կուրսը կայուն է, եվրոն դրամի նկատմամբ էլ է թանկանում: Պատճառները գլոբալ են, միջազգային են, եվրոն վերջին ժամանակներս բավականին թուլացել էր, հիմա կան որոշակի սպասումներ, որ Եվրոպական կենտրոնական բանկը կամաց-կամաց կրճատելու է այդ թուլացման գործընթացները, և այդ սպասումներն են բերում մի կողմից, և մյուս կողմից էլ դոլարը, չնայած ակնկալվում էր, որ Ֆեդերալ պահուստային հիմնադրամը պետք է բարձրացներ տոկոսները, դեռ չի բարձրացրել»,-բացատրեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է ինտերվենցիաներին, ապա նա ասաց, որ ԿԲ-ն որոշակի ինտերվենցիաներ անում է և դարձել է դոլարի ձեռքբերող՝ դրանով  լուծելով 2 խնդիր՝ համալրելով իր պահուստային ֆոնդը և թույլ չտալով, որ դրամն, ամրապնդվելով, ճնշի տեղական արտահանողներին: