Հայաստանի համար եվրոպական ինտեգրացիան նշանակում է Թուրքիայի հետ բաց սահմաններ. Մոդեստ Կոլերով

21:39 • 28.07.17

Զարմանալի չէ, որ «Ելք» կուսակցությունների դաշինքը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկ է հնչեցրել Հայաստանի իշխանություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ նշելով, որ «Ելք»-ը դեռևս նախընտրական քարոզչության ժամանակ հանդես էր գալիս որպես արևմտամետ ուժ:

Մ. Կոլերովը, միաժամանակ նշեց, որ  «Ելք»-ի ձայնը հազիվ թե լսելի լինի, որովհետև խորհրդարանում այս ուժը փոքր խմբակցությամբ է ներկայացված, միայնակ է՝ չունի կոալիցիոն գործընկերներ:

Քաղաքական վերլուծաբանը շեշտեց, որ Հայաստանն ունի ապագայի երկու տեսլական. առաջինը՝ լինել Եվրասիական տնտեսական միության կամ Եվրոպական միության կազմում, երկրորդը՝ չլինել ինտեգրացիոն որևէ կառույցի անդամ:

«Հայաստանի հարևաններից Եվրոպական միության անդամակցության ճանապարհով է գնում Վրաստանը և Թուրքիան: Հայաստանը ուզո՞ւմ է մի կառույցի անդամ լինել, որի անդամ կարող է դառնալ Թուրքիա՞ն, թե ուզում է մնալ ինքնիշխան պետություն: Եվրամիության անդամակցել, նշանակում է անդամակցել տարածքով: «Ելք»-ը պիտի այդ առաջարկությունը կատարելիս հարց բարձրացնի՝ հրաժարվելով Հայաստանից և ընտելով Եվրամիության ճանապարհը, Հայաստանը պատրա՞ստ է բացել իր սահմանները Թուրքիայի հետ: Եվրոպական ինտեգրացիան նշանակում է Թուրքիայի հետ բաց սահմաններ»,- նշեց Մոդեստ Կոլերովը:

Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանի ապագայի երկրորդ տեսլականը սուվերենությունը պահելն ու Եվրասիական տնտեսական միության կազմում լինելն է: Դիտարկմանը, թե Հայաստանում կարծում են, որ հենց ԵԱՏՄ-ում է ՀՀ-ն կորցնում իր ինքնիշխանությունը, Կոլերովը չհամաձայնեց՝ նշելով. «ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, որը Հայաստանը չստորագրեց, նպատակ ուներ հանձնել երկրի ինքնիշխանությունը Եվրամիությանը: Ովքեր հակառակն են պնդում՝ կամ խաբեբա են կամ հիմար»:

Կոլերովն առաջարկեց բոլոր նրանց, ովքեր կասկածում են, թե ԵԱՏՄ-ից Հայաստանն օգուտներ ունի, թե չունի, դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հայազգի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Հարցին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների, մասնավորապես Ռուսաստանի համար, կարևո՞ր է՝ Հայաստանը կլինի միության կազմում, թե չի լինի, Մ. Կոլերովը պատասխանեց. «Ռուսաստանը կասի, որ դա Հայաստանի ներքին գործն է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դարձել իր նախաձեռնությամբ, որ սեպտեմբերի 3-ին ԵԱՏՄ անդամակցության պատրաստակամության մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ահա թե ինչ կասի Ռուսաստանը: ՌԴ-ն կասի, որ եթե փոխել եք ձեր տրամադրվածությունը ԵԱՏՄ նկատմամբ, ապա կայացրեք այլ որոշում, որովհետև դա ձեր երկրի ներքին գործն է, որոշում կայացնողը դուք եք»:

Քաղաքական վերլուծաբանի համոզմամբ, եթե Հայաստանը որոշում կայացնի դուրս գալ ԵԱՏՄ-ից, ապա դա չի քանդի միությունը, ԵԱՏՄ-ն կշարունակի աշխատել: