Նորք-Մարաշի զինված խմբի անդամները նկարել են Լևոն Տեր-Պետրոսյանի, Սեյրան Օհանյանի, Հովիկ Աբրահամյանի և այլոց առանձնատներն ու աշխատավայրերը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Դատական նիստը մեկնարկեց և 15 րոպե հետաձգվեց բոլոր պաշտպանների ներկայությունն ապահովելու համար, դատական նիստերի դահլիճ է բերվել նաև ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանը բավարարեց վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունն այն մասին, որ Շիրխանյանը դահլիճ բերվի և դատավորի՝ դահլիճ մուտք գործելիս չկանգնի՝ հաշվի առնելով, որ առողջական խնդիրներ ունի:
Մեղադրող դատախազը ներկայացրեց ամբաստանյալ Արթուր Վարդանյանի մեղադրական մասը, որը նախորդ նիստին կիսատ էր մնացել:
Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն: Նա կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ըստ մեղադրանքի Իսպանիայում մշտապես բնակվող Արթուր Վարդանյանն ու Գյումրիում գործող «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն Անտոն Դիկրան Թոթոնջյանը միմյանց հետ Skype-ի միջոցով պարբերաբար կապնվել են, խոսել Քեսաբում տիրող լարված իրավիճակի ժամանակի մասին: 2015-ի մայիսի 27-ին Արթուր Վարդանյանը ժամանել է Հայաստան և անձամբ ծանոթացել Անտոն Դիկրան Թոթոնջյանի հետ: Այդ ընթացքում նրանք համաձայնության են եկել իշխանափոխություն իրականացնելու բռնություն գործադրելու սպառնալիքի ներքո:
Արթուր Վարդանյանը, որպես ռազմական հմտություններ ունեցող մարդ ստանձնել է ստեղծել հանցավոր խումբը, իսկ ֆինանսական պարտավորություններ իր վրա է վերցրել Անտոն Դիկրան Թոթոնջյանը:
Ապա սկսվել է Հայաստանի քաղաքացիներին խմբի մեջ ներգրավելու և զենք, պայթուցիկ նյութեր և այլ անհրաժեշտ ռազմամթերք ձեռք բերելու գործընթացը: Այս նպատակով Վարդանյանը Թոթոնջյանից պարբերաբար՝ ընդհանուր առմամբ շուրջ 60 հազար ԱՄՆ դոլար գումար է ստացել:
Որպեսզի կասկածի տեղիք չտա, Արթուր Վարդանյանն իր շրջապատում տեղեկություն է տարածել, որ պատրաստվում է բարեգործական խոշոր ծրագիր իրականացնել:
Խմբի ղեկավարի պարտականությունների ստանձնած Արթուր Վարդանյանի հրահանգով խմբի անդամները կատարել են Արթուր Վարդանյանի կողմից իրենց առջև դրված հանձնարարությունները:
Խմբի անդամ Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մադոյանը, Ավետիս Բարեյանը և Արման Հայրապետյանը լուսանկարել կամ տեսագրել են Արթուր Վարդանյանի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները: Այդ օբյեկտների թվում են եղել ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Մրգաշեն գյուղում գտնվող ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայրական տները, դրանց մատույցները, Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը, ՀՀ նախագահի նստավայրը, Բարեկամության հրապարակը, Ֆրանսիայի հրապարակը, Հաղթանակ և Կիևյան կամուրջները, գծագրել են նաև ՀՀ սահմանադրության շենքը և հարակից այլ տարածքներ:
Դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ զինված խմբի գործի շրջանակներում, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 20-ը կալանավորված են, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածները՝ ազատ արձակվել: 33 հոգու մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:
Խմբի ղեկավարն Արթուր Վարդանյանն է, ով նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ինչպես նաև Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը:
Հիշեցնենք, որ զինված խմբի գործի շրջանակներում, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 20-ը կալանավորված են, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածները՝ ազատ արձակվել: 33 հոգու մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:










