Իսրայելն արգելել է մինչև 50 տարեկան մուսուլմաններին աղոթել Երուսաղեմի սրբավայրում

14:56 • 28.07.17

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ, հաշվի առնելով վերջին շրջանում ստեղծված լարված դրությունը, մինչև 50 տարեկան բոլոր մուսուլման տղամարդկանց արգելվում է աղոթել Երուսաղեմի գլխավոր սրբավայրերից մեկը համարվող Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսա մզկիթում:

Ինչպես նշում է The Independent-ը, ոստիկանության խոսնակ Միքի Ռոզենֆելդը, հայտարարելով արգելքի մասին, ասել է, որ դա անվտանգության միջոցառում է պաղեստինցիների ծրագրած բողոքի ակցիային ի պատասխան: Հայտնի է, որ պաղեստինցիները հայտարարել են հուլիսի 28-ին մզկիթի մոտ բողոքի ակցիա անցկացնելու մտադրության մասին:

Ռոզենֆելդը մանրամասնել է, որ որոշ պաղեստինցիներ երեկ երեկոյից մնացել են մզկիթի ներսում, որպեսզի կարողանան մասնակցել այսօրվա ցույցին: Սակայն հրեա ոստիկանները նրանց դուրս են բերել այնտեղից:

Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ իսրայելա-արաբական լարվածության առաջացման համար հիմք է հանդիսացել հուլիսի 14-ին Տաճարի լեռան վրա արաբ գրոհայինների կողմից 2 հրեա ոստիկանի սպանությունը: Դրանից հետո Իսրայելի իշխանությունները մետաղորսիչներ են տեղադրել սրբազան լեռան մուտքի մոտ, ինչն առաջացրել է մուսուլման բնակչության զայրույթն ու ոստիկանության հետ զանգվածային բախումների պատճառ դարձել:

Մուսուլմանները բողոքել են, որ Իսրայելը փորձում է վերահսկողություն սահմանել սրբավայրի նկատմամբ: Մինչդեռ հրեական կողմը պնդում է, որ անվտանգության միջոցառումները ձեռնարկվել են հետագա հարձակումները կանխելու նպատակով:

Նշենք, որ միջազգային հանրության ճնշման ներքո Իսրայելը հեռացրել է մետաղորսիչները՝ խոստանալով դրանց փոխարեն տեղադրել գերժամանակակից տեսահսկման խցիկներ:

 

 

 

Картинки по запросу Police ban men under 50 from prayers at Jerusalem's holiest site

Картинки по запросу Police ban men under 50 from prayers at Jerusalem's holiest site