Բարսելոնայում գնացքի վթարի հետևանքով տուժել է մոտ 50 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)

11:51 • 28.07.17

Բարսելոնայում վթարի է ենթարկվել արվարձանային գնացքներից մեկը, ինչի հետևանքով տուժել է առնվազն 48 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական փրկարար ծառայություններին:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ «Ֆրանսիական կայարան» երկաթուղային կայարանում: Նախնական տվյալների համաձայն՝ գնացքը չի կարողացել կանգ առնել և մխրճվել է հարթակի մեջ:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է մոտ 20 մարդ, որոնցից հինգը ծանր վիճակում է: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 6 մեքենա:

Այժմ տարվում է միջադեպի հետաքննություն: Քաղաքի իշխանությունները որոշել են աշխատանքի արտակարգ ռեժիմի անցկացնել 11-րդ գիծը, որի վրա տեղի է ունեցել վթարը: Ուղևորներին խորհուրդ է տրվում չօգտվել «Ֆրանսիական կայարանից»:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: