$60 000-ով իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակ. Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալների մեղադրանքները

17:50 • 28.07.17

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Մեղադրող դատախազը ներկայացնում է ամբաստանյալների մեղադրանքները:

Գործով ամբաստանյալ Արթուր Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ավետիս Բարեյանի միջոցով ծանոթանալով Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, 2015թ. մայիսից հետո մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը:

Նա կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել է մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր:

Այդ կերպ նա նպատակ է ունեցել ՀՀ-ում իշխանությունը յուրացնելու, այսինքն` զավթելու` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում:

Հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Վլադիմիր Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մայիսից հետո, Գառնիկ Մարգարյանի միջոցով անձնապես ծանոթանալով Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, ստանձնել է մասնակցել վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր:

Նա խմբի հետ նպատակ է ունեցել ՀՀ-ում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ԱԱԾ-ի կողմից:

Արթուր Վարդանյանը, որպես ռազմական հմտություններ ունեցող մարդ ստանձնել է ստեղծել հանցավոր խումբը, իսկ ֆինանսական պարտավորություններ իր վրա է վերցրել Անտոն Դիկրան Թոթոնջյանը:

Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն: Ըստ մեղադրանքի` Իսպանիայում մշտապես բնակվող Արթուր Վարդանյանն ու Գյումրիում գործող «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն Անտոն Դիկրան Թոթոնջյանը 2015-ին ծանոթացել են միմյանց հետ և համաձայնության են եկել իշխանափոխություն իրականացնելու բռնություն գործադրելու սպառնալիքի ներքո:

Արթուր Վարդանյանը, որպես ռազմական հմտություններ ունեցող մարդ ստանձնել է ստեղծել հանցավոր խումբը, իսկ ֆինանսական պարտավորություններ իր վրա է վերցրել Անտոն Դիկրան Թոթոնջյանը:

Ապա սկսվել է Հայաստանի քաղաքացիներին խմբի մեջ ներգրավելու և զենք, պայթուցիկ նյութեր և այլ անհրաժեշտ ռազմամթերք ձեռք բերելու գործընթացը: Այս նպատակով Վարդանյանը Թոթոնջյանից պարբերաբար՝ ընդհանուր առմամբ շուրջ 60 հազար ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Արթուր Եղիազարյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 223-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու, ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի՝ կազմակերպված խմբի հետ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, ինչպես նաև ՀՀ ՔՕ-ի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ:

Դատական նիստը հետաձգվեց պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանի միջնորդությամբ: Պաշտպանը մեկ այլ գործով դատական նիստի էր: Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 11-ին: