Կալինինգրադի մարզում կինն իր կյանքի գնով փրկել է խեղդվող երեխաներին
Բալթիկ ծովում խեղդվող երեխաներին փրկած կինը կոմայի մեջ է ընկել և մահացել հիվանդանոցում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Կալինինգրադի մարզի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ Կալինինգրադի մարզի բնակչուհու վիճակը ծայրահեղ ծանր է եղել: Նա մահացել է հուլիսի 28-ի առավոտյան:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 22-ի երեկոյան՝ Զելենոգրադսկ քաղաքի լողափերից մեկում: Կինը փորձել է օգնել երկու երեխայի, որոնց ուժեղ հոսանքը քշել է ափից: Կնոջը հաջողվել է երեխաներին ափ հանել, սակայն նա լողալ չի իմացել: Հանգստացողները հանել են կնոջը ջրից և առաջին բուժօգնություն ցուցաբերել, ինչից հետո նա հոսպիտալացվել է:
Ականատեսների խոսքով՝ միջադեպի պահին փրկարարական աշտարակներում մարդ չի եղել:










