Շվեդիայում հոգնած զբոսաշրջուհին փրկարարական ուղղաթիռ է կանչել լեռներ

19:06 • 28.07.17

Շվեդիայի հյուսիսում գտնվող Յոկմոկ լեռնային կոմունայում սիրողական լեռնագնացների ընտանեկան զույգը փրկարարական ուղղաթիռ է կանչել: Պատճառ են դարձել կնոջ «հենաշարժիչ համակարգի» խնդիրները և «ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությունը»: Այս մասին հայտնում է The Local-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զույգի մոտ ժամանած փրկարարները շատ են զարմացել, քանի որ կնոջ բողոքի միակ պատճառը հոգնածությունն է եղել:

Նշվում է, որ հոգնածությունը փրկարարներ կանչելու լուրջ պատճառ չէ, ահա թե ինչու ամուսիններին ընտրություն է առաջարկվել. ինքնուրույն իջնել սարից և տուգանք մուծել կեղծ կանչի համար կամ ամբողջությամբ վճարել «ուղղաթիռային տաքսիի» ծառայությունների համար:

Ամուսինները չեն ցանկացել ինքնուրույն շարունակել ճանապարհը և արդյունքում համաձայնել 3.5 հազար դոլար մուծել ուղղաթիռի ծառայություններից օգտվելու համար: