Ռուսաստանում 7 մարդ է ձերբակալվել՝ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչությունների պատրաստման կասկածանքով
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Կենտրոնական Ասիայից ժամանած յոթ անձի՝ Սանկտ Պետերբուրգում, այդ թվում երկաթուղային տրանսպորտում և մարդկանց այլ զանգվածային կուտակման վայրերում ահաբեկչությունների պատրաստման կասկածանքով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հատուկ ծառայությանը:
Հաղորդվում է, որ յոթ մարդուց բաղկացած խումբը ձերբակալվել է հուլիսի 28-ին:
Հետաքննության շահերից ելնելով՝ ձերբակալվածների ինքնությունը չի հաղորդվում: Օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են:
ՌԴ գլխավոր դատախազության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցները 2017 թվականի առաջին կեսի ընթացքում 12 ահաբեկչություն են կանխել:
Չի հաջողվել կանխել ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունը, որտեղ իրեն մահապարտ էր պայթեցրել: Եվս մի պայթյուն՝ մետրոյի մեկ այլ կայարանում հաջողվել է կանխել՝ ժամանակին հայտնաբերելով ռումբը: Պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովը: Այդ ահաբեկչական հարձակման շրջանակներում ձերբակալվել է տասը մարդ:










