«Ռոսսելխոզնադզորը» Թուրքիայից 90,8 տոննա վարակված դեղձ է բռնագրավել
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը Նովոռոսիյսկի նավահանգստում առգրավել է Թուրքիայից բերված 90,8 տոննա վարակված դեղձ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:
Դեղձերի խմբաքանակում հայտնաբերվել է արևմտյան (կալիֆորնիական) ծաղկային տրիպս:
«Հաշվի առնելով, որ արևմտյան (կալիֆորնիական) ծաղկային տրիպսը կարանտինային օբյեկտ է՝ ՌԴ-ի տարածքում սահմանափակ տարածմամբ և ներառված է կարանտինային օբյեկտների ցանկում, վարակված բեռի ներկրումն արգելված է»,- հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը:
Հաղորդվում է, որ տարեսկզբից ի վեր դա թուրքական դեղձում այդ կարանտինային վնասատուի հայտնաբերման 14-րդ դեպքն է: Վարակված խմբաքանակների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 156 տոննա, նշում է գերատեսչությունը:










