Սաակաշվիլին CNN-ին պատմել է «ուկրաինացի օլիգարխների կեղտոտ խաղերի» մասին
Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին CNN-ին տված հարցազրույցում խոսել է «ուկրաինացի օլիգարխների կեղտոտ խաղերի մասին», հայտնում է «112 Украина»-ն:
«Խնդիրն այն է, որ Ուկրաինայի առաջնորդներն ուղի են ընտրել, որը նման է տարածաշրջանում ընտրած ընդհանուր ուղուն՝ օլիգարխներ, կոռուպցիա, ռեսուրսների գրավում, ժողովրդավարության ճնշում»,- հայտարարել է Սաակաշվիլին:
«Նախագահ Թրամփն, օրինակ, ինչ-որ բան է ասել Ուկրաինայի մասին: Մենք Ուկրաինայում գնահատում ենք ԱՄՆ-ի կողմից ուկրաինացի ժողովրդին ուղղված աջակցությունը: Մենք պատերազմում ենք ռուսների դեմ: Աշխարհը պետք է ուկրաինացիներին արժանին տա նրանց հերոսական դիմադրության համար, բայց մյուս կողմից՝ նախագահ Թրամփը ճիշտ էր: Կան որոշ ուկրաինական օլիգարխիկ շրջանների սկսած կեղտոտ խաղեր»,- ասել է Սաակաշվիլին:
Ավելի ուշ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ չնայած լրատվամիջոցների հաղորդագրություններին՝ նա եթերում չի ասել, որ «Թրամփը հիմքեր ունի խոսելու ԱՄՆ-ի ընտրություններին Ուկրաինայի միջամտության մասին»:
«Հարգելի՛ «Ուկրաինսկայա պրավդա», ձեր վերնագիրը կարող է սխալմամբ ընկալվել որպես իմ ցիտատ՝ չնայած ես նման բան չեմ ասել, և այն չի համապատասխանում հոդվածում բերված իմ մեջբերմանը: Իմ ելույթում ես բոլորին կոչ եմ արել աջակցել Ուկրաինային և վստահություն եմ հայտնել, որ Թրամփը պատժամիջոցներ կստորագրի Ռուսաստանի դեմ: Եվ այո, ես, իհարկե, խոսել եմ Ուկրաինայում օլիգարխների իշխանությունից»,- ասել է Սաակաշվիլին:
Հուլիսի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաքննել Ուկրաինայի գործողություններն ԱՄՆ-ում նախագահական մրցապայքարի ժամանակ Հիլարի Քլինթոնի թեկնածությանն ուղղված աջակցության վերաբերյալ:










