Պետք է կասեցվեն նաև քաղաքական ենթատեքստ ունեցող դրամաշնորհները. Արման Ղուկասյան (տեսանյութ)

12:19 • 29.07.17

«Ժողովրդի ձայնը» ՀԿ փորձագետ Արման Ղուկասյանն այսօր մամուլի ասուլիսին մտահոգիչ համարեց օտարերկրյա աղբյուրների կողմից ֆինանսավորվող և այլ երկրների շահերը սպասարկող ՀԿ-ների գործունեությունը: Նա նշեց, որ ազգային անվտանգության համար սպառնացող ՀԿ-ների ցանկը փոխանցելու են Արդարադատության նախարարությանը:

 

«Մենք պատրաստում ենք օրինագիծ ներկայացնել և գտնում ենք, որ պետք է մասամբ ընդունվի օտարերկրյա գործակալների օրենքը: Առաջարկում ենք, որ վերանայվի այն ՀԿ-ների  գործունեությունը, որոնց աշխատանքը չի համապատասխանում ՀԿ-ի ֆորմատին: Առաջարկում ենք նաև, որ Արդարադատության նախարարությանը կից ստեղծվի խորհուրդ, որտեղ նաև ներկայացված կլինեն ՀԿ-ները և կհսկվեն օտարերկրյա դրամաշնորհները, թե որքան համահունչ են դրանք ծավալած գործունեությանը»,-ասաց նա:

 

Ըստ Արման Ղուկասյանի՝ պետք է կասեցվեն նաև քաղաքական ենթատեքստ ունեցող դրամաշնորհները և որպես օրինակ բերեց անցած տարի Եվրոպական ժողովրդավարական աջակցման հիմնադրամի դրամաշնորհը, որով պետք է աջակցեին կանանց, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին: «Սրանք անընդունելի քաղաքական դրամաշնորհներ են»,-ասաց նա:

 

Նա նաև նշեց, որ օրենքում պետք է դրույթ լինի, ըստ որի դիվանագիտական ներկայացուցչություններին, կառույցներին, դեսպանատներին պետք է արգելվի ֆինանսավորել նման ծրագրեր: Արման Ղուկասյանն անդրադարձավ Հելսինկյան ասոցիացիայի գործունեությանը և նշեց, որ ստացած ֆինանսավորումը գերազանցում է կատարած աշխատանքը: «Մենք առաջարկում ենք ոչ թե սահմանափակել ՀԿ-ների գործունությունն, այլ  կարգավորել, թափանցիկ դարձնել դրանք»,-ասաց նա և նկատեց, որ արևմտյան ծավալների հասնող ռուսական դրամաշնորհներ չկան: