Տավուշում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան
Տավուշի մարզի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում երեկ ադրբեջանական զինուժի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող, 41-ամյա Արթուր Մայրանյանը քիչ առաջ տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին հոսպիտալի ընդունարանից:
Ավելի վաղ Պառավաքարի գյուղապետի տեղակալ Սարգիս Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ հակառակորդի գնդակը կոտրել է Արթուրի թևի ոսկորները, վնասել մեջքի փափուկ հյուսվածքները: Զինծառայողին տեղափոխել են Երևան, որովհետև նա վիրահատության կարիք ունի:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում երեկ՝ հուլիսի 29-ին, ադրբեջանական զինուժի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, 41-ամյա Արթուր Մայրանյանը: Զինծառայողը երկու անչափահաս երեխաների հայր է, ընտանիքի միակ կերակրողը:










