Հյուսիսկորեական հեռուստատեսությունը ցուցադրել է բալիստիկ հրթիռի գիշերային արձակման տեսանյութը (տեսանյութ)
ԿԺԴՀ կենտրոնական հեռուստատեսությունը ցուցադրել է «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի գիշերային արձակման կադրերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2,5 րոպե տևողությամբ տեսաձայնագրությունում երևում է՝ ինչպես է հրթիռը բերվում արձակման վայր: Հետհաշվարկի ավարտից հետո տեսանյութում երևում է գետնից հրթիռի պոկվելու պահը:
Բացի բալիստիկ հրթիռի արձակման կադրերից՝ հյուսիսկորեական հեռուստատեսությունը ցուցադրել է նաև կադրեր երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ, ով հետևում է հրթիռային փորձարկումներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը նոր բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում Հոկայդո կղզու ուղղությամբ։ Նշվում է, որ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի գիշերային փորձարկում առաջին անգամ է իրականացվել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումներն «ԱՄՆ-ին ուղղված խիստ նախազգուշացում» են և ևս մեկ անգամ ապացուցում են երկրի կարողությունը՝ հրթիռային արձակումներ իրականացնել ցանկացած կետից՝ ցանկացած պահի։
Հուլիսի սկզբին Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել էր «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին: Հրթիռն անցել էր հետագծով, որը փորձագետների կարծիքով՝ կարող է թույլ տալ հարվածել ԱՄՆ Ալյասկա նահանգին:
Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:
Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն:










