Սոցցանցի օգտատերը շորթում է կատարել՝ արատավոր տեղեկություններ կատարելու սպառնալիքով. shamshyan.com

10:47 • 29.07.17

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել քաղաքացուց շորթում կատարելու փաստով։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 28-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ավետիք Ն.-ն ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում կինն ասել է, որ ինքը գնում է Մաշտոցի վարչական տարածքում գտնվող հիվանդանոցներից մեկի բժշկի մոտ, սակայն, 1 ժամից ավելի կնոջից տեղեկություն չունենալուց հետո, կնոջ հեռախոսահամարից ստացել է հաղորդագրություն, որ իրեն չսպասեն, ինքը իր կյանքին վերջ է տալու։

Կարճ ժամանակում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ավետիք Ն.-ի կնոջը՝ 30-ամյա Ա.-ին, հայտնաբերել են և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։ Հետաքննությամբ պարզվել է, որ կինը 2016 թվականի հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում համացանցի «Վ-կոնտակտե» կայք-էջի օգտատեր՝ Կապան քաղաքի բնակիչ Ալբերտ Քոչարյանի կողմից հաղորդագրություններ է ստացել, որտեղ Ա. Քոչարյանը գրել է, որ նրա վերաբերյալ արատավոր տեղեկություններ կտարածի և սպառնալիքով նրանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար։

Կինը ամուսնուց թաքուն կարողացել է վճարել 1160 դոլարը, սակայն Ալբերտ Քոչարյանը  փորձել է նորից շանտաժի միջոցով կնոջից գումար շորթել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Քոչարյանին հայտնաբերելու ուղղությամբ։