ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները Սիրիայում հարվածել են հիվանդանոցին. կան զոհեր
Միացյալ Նահանգների կոալիցիայի ինքնաթիռներն ավիահարված են հասցրել սիրիական Դեյր էլ Զոր նահանգում գտնվող Աբուքեմալ բնակավայրին, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 10 մարդ:
Ինչպես հայտնում է Ria.ru-ն, սիրիական պետական լրատվամիջոցներին հղումով, ավիահարվածի թիրախում են հայտնվել հիվանդանոցն ու սպորտային ակումբը:
Հայտնի է, որ նախօրեին կոալիցիան գրոհել էր Ալ Մայդին քաղաքն ու հարվածել խաղաղ բնակիչների տներին՝ դառնալով 10 մարդու՝ այդ թվում նաև 5 երեխայի մահվան պատճառ:
Ավելի վաղ կոալիցիան խոստովանել էր, որ Սիրիայի և Իրաքի տարածքում իրականացված հատուկ օպերացիաների հետևանքով զոհվել է 600-ից ավելի խաղաղ բնակիչ:
Աղբյուրը հավելում է, որ կոալիցիայի գործողությունները համաձայնեցված չեն Սիրիայի կառավարության հետ:










