Գողություններ «Բերշկա» խանութից, ՀՀ սահմանի ապօրինի հատում. ինչ դատավարություններ են սպասվում վաղը

11:13 • 30.07.17

Վաղը՝ օգոստոսի մեկին մեկնարկում է Հարություն Գալստյանի գործով դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ փորձել է իր մեքենայով բեռնախցիկով   ապօրինի  Վրաստան տեղափոխել ինկոմիսարիատում հաշվառումից և կցագրումից խուսափող Թենգիզ Ագասյանին:

Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Հարություն Գալստյանն իրեն պատկանող «Մերսեդես Սպրինտեռ» մակնիշի ավտոմեքենայով իրականացնելով ուղևորափոխադրումներ դեպի ՌԴ և հակառակ ուղղություններով, 2017թ մարտի 1-ին համաձայնության է եկել ծանոթ Արթուր Վարդգեսյանցի հետ, վերջինիս առաջարկով՝ ՀՀ–ում զինկոմիսարիատում հաշվառումից և կցագրումից խուսախող Թենգիզ Ագասյանին առանց անձնագրային հսկողության Վրաստան տեղափոխելու վերաբերյալ, որից հետո հանցավոր մտադրությունն ի կատար ածելու դիտավորությամբ, նույն օրը Աշտարակ քաղաքում հանդիպել է Արթուր Վարդգեսյանցին և նրա ուղեկցությամբ ժամանած Թենգիզ Ագասյանին, ում տեղ է հատկացրել ավտոմեքենայում, իսկ Բագրատաշեն հսկիչ-անցագրային կետի մոտակայքում Թենգիզ Ագասյանին առաջարկել է թաքնվել ավտոմեքենային ամրակցված բեռնախցիկում»,-նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Այնուհետև՝ նույն օրը ժամը 24:00-ի սահմաններում Թենգիզ Ագասյանը նշված եղանակով փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, սակայն դա նրան չի հաջողվել նրա կամքից անկախ հանգամանքներով:

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում էլ մեկնարկում է Ալեքսանդր Վահագի Հաջաթյանի դատավարությունը: Նա  մեղադրվում է  2017թ. մայիսի 5-ին ժամը 16:00-ի սահմաններում Երևանի  «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում տեղակայված «Բերշկա» հագուստի խանութից տաբատի գողություն կատարելու մեջ: Ինչպես նկարագրված է մեղադրական եզրակացության մեջ. «Փորձելու նպատակով հանդերձարան է տարել մի քանի տաբատներ, հանդերձարանում պատահաբար տաբատներից մեկի վրայից ընկել է անվտանգության ազդանշանային կոճակը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ այդ տաբատը հագել է իր տաբատի տակից` ցանկանալով գաղտնի հափշտակել զգալի չափի`ընդհանուր 16.000 ՀՀ դրամ արժողության նշված տաբատը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ բռնվել է խանութ-սրահի աշխատակցի կողմից»:

Մեկ այլ՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում էլ վաղը մեկնարկում է Ռուզաննա Համլետի Ակլունցի դատը: Նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Բերշկա» խանութ-սրահից գողություն կատարելու փորձի համար:

Մեղադրական եզրակացության մեջ գրեթե նույն եղանակն է նկարագրված:

Մասնավորապես, «փորձելու պատրվակով վերցրել է երեք կտոր հագուստ`ընդհանուրը 41.000 ՀՀ դրամ արժողության`2 հատ կանացի տաբատ`յուրաքանչյուրը13.000 ՀՀ դրամ արժողությամբ և 1 հատ կանացի բաճկոն` 15.000 ՀՀ դրամ արժողությամբ, մտել հանդերձարան, պոկել դրանց վրա գտնվող անվտանգության կոճակները, հագուստները դրել ձեռքում եղած պայուսակի մեջ`փորձելով գաղտնի հափշտակել դրանք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ խանութ-սրահից դուրս գալիս բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից»: