Բալիստիկ հրթիռի արձակումից հետո ամերիկյան կործանիչները թռչել են Կորեական թերակղզու վրայով
Միացյալ Նահանգների ռազմական օդուժին պատկանող B-1B 2 կործանիչ թռչել է Կորեական թերակղզու վրայով այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան գիշերն իրականացրել է բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկում:
Ինչպես հայտնում է Reuters-ը, պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը բարեհաջող է անցել և, որ նոր զենքը բավականաչափ հզոր է ԱՄՆ-ին խոցելու համար:
Սրան ի պատասխան ամերիկյան կործանիչները թռչել են Կորեական թերակղզու վրայով: Նշվում է, որ ավելի ուշ Գուամի ավիաբազայից օդ բարձրացած կործանիչներին են միացել ճապոնական և հարավկորեական կործանիչները:
«Հյուսիսային Կորեան շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքը: Հարկ եղած դեպքում մենք կընտրենք տեղն ու ժամանակը և արագ, մահացու և վճռական պատասխան կտանք»,-ասել է ԱՄՆ ռազմական օդուժի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շտաբի հրամանատար գեներալ Թերենս Ջեյ Օ'Շոգնեսին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը նոր բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովում Հոկայդո կղզու ուղղությամբ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «Հվասոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումներն «ԱՄՆ-ին ուղղված խիստ նախազգուշացում» են և ևս մեկ անգամ ապացուցում են երկրի կարողությունը՝ հրթիռային արձակումներ իրականացնել ցանկացած կետից՝ ցանկացած պահի։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ շատ հիասթափված է Չինաստանից, քանի որ այդ երկիրը ոչինչ չի անում Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղղությամբ:










