ԱՄՆ-ՌԴ առճակատման թատերաբեմ կարող է դառնալ Հարավային Կովկասը՝ այդ թվում նաև Հայաստանը. Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

19:25 • 31.07.17

 

Tert.am-ը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ զրուցել է ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության մասին: Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները սառը պատերազմի չեն վերածվի, թեպետ որոշ էլեմենտներ կլինեն: Սաֆարյանը չբացառեց, որ Հարվային Կովկասը կարող է գերտերությունների համար թատերաբեմ դառնալ:

- Պարո՛ն Պողոսյան, ՌԴ-ի նկատմամբ արտաքին աշխարհի արձագանքը կոշտացել է, այս ֆոնին սրվում են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ զարգացումներ կլինեն, արդյոք սառը պատերազմի ականատես կլինե՞նք:

- Սառը պատերազմ չի լինի, որովհետև սառը պատերազմը՝ որպես հասկացողություն, միանգամայն այլ  կոնֆիգուրացիա էր: Նախ՝ այն ժամանակ 2 գաղափարական ճամբարների հակադրություն ու դիմակայություն էր, ընդ որում՝ ճամբարներից մյուսն էլ աշխարհագրական ոչ պակաս տարածվածություն ուներ Եվրոպայով, Կովկասով և այլն: Այժմ մենք միայն ունենք  առանձին վերցրած ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիմակայություն, որտեղ անգամ ՌԴ դաշնակից պետությունները ներգրավված չեն: Այս տեսանկյունից սառը պատերազմի մասին խոսելն իրատեսական չէ, քանի որ ՌԴ-ն չունի հակադրվող քաղաքականություն, ինչպես ուներ Սովետական միությունը, չունի տնտեսական, քաղաքական ներուժ, որն ուներ Սովետական միությունը: Բայց տևական դիմակայություն կլինի, քանի որ այս առճակատումը ոչ միայն մարելու հիմքեր չունի, այլև գնալով ավելի սրվում է, պատժամիջոցներն էլ ՌԴ-ի դեմ ավելանում են: Հնարավոր է, որ սառը պատերազմի գործիքներ լինեն, բայց չեմ կարծում, թե 2-րդ սառը պատերազմի ականատես կլինենք:

- Հայաստանը կտուժի՞ ՌԴ-ԱՄՆ դիմակայության հետևանքով:

- Բարեբախտաբար, թե, դժբախտաբար, այս 2 ուղղություններն էլ Հայաստանի համար ունեն ռազմավարական կարևոր նշանակություն:  Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ բազում մարտահրավերներ հաղթահարելիս չի կարող իր հույսը դնել միայն մեկ ուժային կենտրոնի վրա: Այս պատճառով ՀՀ-ի՝ Միացյալ նահանգների և Եվրոպայի հետ հարաբերությունները շատ կարևոր  են,  հետևաբար, 2 կարևորագույն ուժային կենտրոնների դիմակայությունը Հայաստանի համար ռիսկեր ստեղծում է:

- Ի՞նչ ռիսկերի մասին էր խոսքը:

- Բնականաբար, ինչպես սառը պատերազմի տարիներին, այդպես էլ այժմ, 2 կողմերը չեն գնա միմյանց վրա հարձակման ճանապարհով, քանի որ 2 կողմերին էլ պատերազմ հայտարարելը շահեկան չէ: Սակայն տևական ու ժամանակի մեջ տարածվող առճակատումը, դիմակայությունն առաջին հերթին կշարունակվի երկրորդական թատերաբեմերում, այսինքն՝ այլ պետությունների տարածքներում: Այս կտրվածքով Հարավային Կովկասն, այդ թվում նաև Հայաստանը, կարող է թատերաբեմ դառնալ, որտեղ միմյանց հետ առճակատող շահերի հաշտեցումն այդքան էլ հեշտ չի լինի:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

ՀեղինակԱնի Օհանյան