Ավստրալիայի օդանավակայաններում երկար հերթեր են գոյացել
Ավստրալիայի հիմնական օդանավակայաններում երկար հերթեր են գոյացել ուժեղացված անվտանգության միջոցառումների պատճառով, գրում է Huffington Post Australia-ն:
Ինչպես նշում է թերթը, ամենամեծ հերթերը գոյացել են Սիդնեյի միջազգային օդանավակայանում, որտեղ մարդիկ ստիպված են եղել սպասել անգամ փողոցում: Այդ օդանավակայանում անվտանգության միջոցառումներն ուժեղացված են եղել դեռ հինգշաբթի, սակայն կիրակի լրացուցիչ ստուգումներ և ուժեղացված ոստիկանական ջոկատներ կարելի էր տեսնել Ավստրալիայի նաև մյուս օդանավակայաններում:
Իրավապահների այս գործողություններին նախորդել է Սիդնեյում շաբաթ իրականացված հակաահաբեկչական գործողությունը: Հաղորդվել է, որ Ավստրալիայի իրավապահ մարմիններին հաջողվել է ինքնաթիռում ահաբեկչություն կանխել: Ձերբակալվել է չորս մարդ: Նախնական տվյալներով՝ նրանք պատրաստվում էին պայթուցիկ սարք օգտագործել:
The Australian-ը գրել է, որ ահաբեկչության նախապատրաստման համար կասկածվողները Սիդնեյի օդանավակայանում ինքնաթիռներից մեկում ուղևորներին ցանկացել են թունավորել ծծմբի երկօքսիդով:










