ԵՄ երկրների քաղաքացիները 2019 թվականի մարտից չեն կարողանա ազատ մտնել Մեծ Բրիտանիա

17:03 • 31.07.17

Եվրամիության երկրների քաղաքացիների համար Մեծ Բրիտանիա ազատ մուտքը կփակվի 2019 թվականի գարնանը՝ ԵՄ-ից թագավորության դուրս գալու հետ մեկտեղ: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակի հայտարարությունը:


Վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ ԵՄ քաղաքացիների տեղաշարժի ազատությունը կավարտվի 2019 թվականի մարտին:


«Ազատ տեղաշարժը կավարտվի 2019 թվականի մարտին»,- ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունն արդեն որոշ կետեր է սահմանել, այդ թվում՝ Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիների վերաբերյալ առաջարկներ:


Անցած շաբաթ ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել էր, որ միությունից Բրիտանիայի դուրս գալուն չպետք է անմիջապես հաջորդի իմիգրացիոն օրենքներում փոփոխությունը, բայց առևտրի նախարար Լայամ Ֆոքսը նշել է, որ ազատ տեղաշարժը թույլատրելը կնշանակի շեղվել հանրաքվեի արդյունքներից: