Իրանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 25 մարդ է վիրավորվել

13:50 • 31.07.17

Առնվազն 25 մարդ է վիրավորվել Իրանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, հայտնում է IRNA գործակալությունը:


Ինչպես հայտնել է անհետաձգելի օգնության տրամադրման հարցերով վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մոհսեն Իբրահիմը, 16 վիրավորներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, ևս ինը հոսպիտալացվել է:


Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իրանի հարավ-արևմտյան Չարմահալ և Բախտիյարի նահանգում: Էպիկենտրոնը եղել է Նաքան քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա:


Նահանգի ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի տնօրեն Սաթար Ֆարհադին հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով վնասվել են էլեկտրացանցերը, լեռներում քարաթափում է տեղի ունեցել, մի քանի տների պատերին ճաքեր են հայտնվել: