ԱՄՆ-ն խիստ միջոցներ կձեռնարկի Վենեսուելայում «ավտորիտարիզմի ճարտարապետների» դեմ

11:33 • 31.07.17

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիթեր Նոյերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի խիստ միջոցներ ձեռնարկել «Վենեսուելայում ավտորիտարիզմի ճարտարապետների» դեմ: Այդ մասին ասված է Նոյերթի հայտարարությունում:


«Մենք կշարունակենք խիստ և արագ միջոցներ ձեռնարկել Վենեսուելայում ավտորիտարիզմի ճարտարապետների դեմ, այդ թվում՝ նրանց դեմ, ովքեր կմասնակցեն քվեարկության արդյունքներով ազգային հիմնադիր ժողովին»,- ասված է հայտարարությունում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի նավթային ոլորտի, ինչպես նաև երկրի մի շարք պաշտոնյաների նկատմամբ:


Հուլիսի 30-ին Վենեսուելայի տարածքում տեղի են ունեցել հիմնադիր ժողովի ընտրություններ:


Ավելի վաղ Վենեսուելայի ՆԳՆ-ն մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման սպառնալիքով արգելել էր ցույցերի և հանրահավաքների անցկացումը հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:


Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել էր սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ էր հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նաև բողոքում են հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով Սահմանադրությունը փոփոխելու փորձ: Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով ավելի քան 110 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել: