Ղրղզստանի նախագահի պաշտոնի թեկնածուների թիվը գերազանցել է 50-ը
Հիսուներկու թեկնածու դիմում է ներկայացրել Ղրղզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հայտնելով նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հայտնում է gazeta.ru-ն:
«Հանգստյան օրերին թեկնածուների թիվն ավելացել է տասով: Այժմ դիմում է ստացվել 52 թեկնածուից»,- հայտնել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ մրցապայքարի մասնակիցների մեծ մասը՝ 42 հոգի, ինքնառաջադրվել է: Մյուս թեկնածուներն առաջադրվել են երկրի քաղաքական կուսակցությունների կողմից:
2011 թվականի ընտրությունների ժամանակ երկրի նախագահի պաշտոնին հավակնում էր 83 մարդ, բայց նախագահի թեկնածուի պաշտոնական մանդատ է ստացել մրցապայքարի 23 մասնակից:
Ղրղզստանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 15-ին:










