Ավստրալիայի վարչապետը հայտարարել է օդանավում կանխված ահաբեկչության մասին

03:11 • 31.07.17

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է օդանավում կանխված ահաբեկչության մասին՝ մանրամասնելով, որ խոշոր հակաահաբեկչական օպերացիան իրականացվել է երեկ գիշերը՝ Սիդնեյում:

«Կարող եմ զեկուցել, որ անցած գիշեր իրականացվել է խոշոր հակաահաբեկչական օպերացիա, որի նպատակն էր կանխել ինքնաթիռի ոչնչացմանն ուղղված ահաբեկչական դավադրությունը»,-մեջբերում է Reuters-ը վարչապետի խոսքը:

Թերնբուլի փոխանցմամբ՝ իրականացված գործողության շրջանակում ձերբակալվել է 4 մարդ: Ավստրալիայի բոլոր օդանավակայաններում ձեռնարկվել են անվտանգության հավելյալ միջոցառումներ:

Աղբյուրը հավելում է, որ ինքնաթիռում ծրագրված ահաբեկչության կազմակերպիչները մտադիր էին օդային փոխադրամիջոցը պայթեցնել ինքնաշեն ռումբի միջոցով: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ահաբեկչությունը որ չվերթի ժամանակ էր ծրագրվել՝ արտաքին, թե ներքին: