Սանահինի համալիրում հուղարկավորություն կազմակերպելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Սանահինի վանական համալիրում երկու պատմական տապանաքարեր քանդելու և հուղարկավորություն կազմակերպելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները վնասելու և մահացածներին թաղելու համար նախատեսված շինությունները կամ առարկաները վնասելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով և 265-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ»,-ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ ՔՕ-ի 264-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Իսկ 265-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը, որը
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հիշեցնենք,որ Ֆեյսբուք սոցցանցում Նվարդ Մանվելյան օգտատերը գրառում էր կատարել այն մասին, որ վանական համալիրին հարող տարածքում` Զաքարյան իշխանների դամբարանի հենց հարևանությամբ պատմական տապանաքարերը տեղահանվել և մի կողմ են շպրտվել, տեղում նոր գերեզմաններ են հայտնվել։










