Երևանում բախվել են շտապօգնության մեքենան և 39 համարի երթուղայինը. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» տեղափոխված վիրավորներից 4-ի վիճակը կայուն է
Այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Մամիկոնյանց-Շիրվանզադե փողոցների խաչմերուկում. բախվել են Ford Transit մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի շտապօգնության մեքենան և ГАЗ 32213 մակնիշի 0791Տ համարանիշի 39 համարի երթուղայինը. կան վիրավորներ:
Ինչպես Tert.am-ին տեղեկացրեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխվել է 4 հոգի, որոնց առողջական վիճակը միջին ծանրության է: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառերի: Վթարի հետևանքով 10 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
«Ford Transit-ը հաշվառված է Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում և, ըստ վարորդի հայտարարության, ինքը համապատասխան ազդանշանները միացրած հիվանդի էր տեղափոխում, իսկ ГАЗель-ը սպասարկում է թիվ 39 երթուղին, որի ուղղությունն է Չաբախ-Կորեայի Ձոր»,- հայտնում է կայքը:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:










