Արաբկիրի նախկին ոստիկանապետը տնօրեն է նշանակել սեփականատիրոջ դեմ ցուցմունք տված «օպերին». փաստաբանը՝ «զավթած» հյուրանոցի մասին (տեսանյութ)
Երևանի «Էս-Վի» հյուրանոցը հանվել էր աճուրդի, որը գնել էր Արաբկիրի նախկին ոստիկանապետ Վարազդատ Ադամյանը, գույքը ևս հանվել էր աճուրդի, չնայած նրան, որ սեփականատիրոջ կինը գույքի նկատմամբ ևս իրավունքներ ունի:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը՝ հավելելով, որ իր վստահորդը՝ Վարազդատ Մանուկյանը, դատարանի որոշմամբ սնանկ էր ճանաչվել։
Փաստաբանը պատահական չի համարում այն, որ գույքը հենց Արաբկիրի նախկին ոստիկանապետն է գնել, քանի որ հայտարարում էր, որ ինքը ևս հյուրանոցի սեփականատեր է եղել և բազմաթիվ անօրինությունների միջոցով փորձել է ասվածն ապացուցել։
«Իմ վստահորդ Վարազդատ Մանուկյանը տարիներ առաջ հյուրանոցային համալիրի շենք է ձեռք բերում իր ծանոթից-մտերիմից, գրանցում է։ Դրանից մի քանի տարի հետո Վարազդատ Ադամյանը դիմում է դատարան, ասում է, որ երբ ոստիկանապետ էր, այդ ընթացքում է ձեռք բերվել, և ինքը հանդիսանում է գույքի մի մասի սեփականատերը, քանի որ գումար է տվել։ Ընդ որում՝ նշում է, որ Վարազդատ Մանուկյանը բանկից իր անունով գումար է վերցրել՝ հյուրանոցային համալիրը գրավ է դրել, այդ գումարը տվել է իրեն, ինքն էլ տվել է վստահորդիս, որպեսզի տա վաճառողին, նման սխեմա է ասում։ Մենք բողոքարկում ենք, դատարան է գալիս գույքի նախկին սեփականատերը և ասում է, որ նախկին ոստիկանապետին չի ճանաչել, նրանից գումար չի վերցրել, նրան չի վաճառել, իրեն գումարը տվել է Վարազդատ Մանուկյանը։ Նախկին ոստիկանապետը ևս նշում է, որ վաճառողին չի ճանաչել , գործարքից 1,5 տարի հետո է գործով առնչվել»,-մանրամասնեց պաշտպանը՝հավելելով, որ գործարքը շինծու չէր կարող ճանաչվել, քանի որ նախկին ոստիկանապետը իրականությունից հեռու սխեմաներ էր ներկայացրել:
«Առաջին անգամ դատարանը գործարքը շինծու ճանաչեց, գույքի կեսի նկատմամբ Վարազդատ Ադամյանի սեփականությունը ճանաչեց,Վերաքննիչ դատարանը բեկանեց՝ նշելով, որ նման բան չի կարող լինել, կողմերն ասում են՝ իրար են վաճառել , չի կարող նման բան տեղի ունենալ, Քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածով նման բան չի նախատեսում։ Հետ ուղարկեց, ամեն դեպքում առաջին ատյանի դատարանը ճանաչեց, որ կես մասի գնորդը Ադամյանն է, վերաքննիչը նույնը թողեց, գնաց Վճռաբեկ, Վճռաբեկը չընդունեց, քանի որ գույքը գրավ էր դրված, իսկ Վարազդատ Մանուկյանը պարտք ուներ, չէր կարողանում տալ, սնանկ ճանաչեցին»,-մանրամասնեց նա:
Փաստաբանն ընդգծեց, որ Արաբկիրի նախկին ոստիկանապետ Վարազդատ Ադամյանը բանկում ոչ մի անգամ վճարում չի կատարել, միայն իր վստահորդն է վճարները կատարել, այստեղ ևս հետևություն է արվում, որ գործարքը շինծու չի եղել, և գույքը պատկանել է իր վստահորդին:
«Այն գույքը, որը 100 քանի միլիոն դրամ էր գնահատվել, ընդամենը 50 մլն դրամով սնանկության կառավարիչը վաճառում է, և հենց Վարազդատ Ադամյանն է գնում։ Սա այն դեպքում, որ բոլորը գիտեին, որ երբ Վարազդատ Մանուկյանը գույքը ձեռք է բերել, ամուսնացած է եղել, այսինքն` գույքի համասեփականատեր է նաև նրա կինը, որը դիմել էր դատարան»,-ասաց նա։
Կարեն Մեժլումյանը մանրամասնեց, որ գույքը արգելքի տակ էր դրված, բայց դա չի խանգարել նախկին ոստիկանապետին «ներխուժել» հյուրանոցի տարածք, աշխատեցնել այն:
«Տնօրեն էլ նշանակել է նախկին օպեր լիազորի, ով դատարանում գույքի սեփականտիրոջ դեմ ցուցմունք է տվել՝ ասելով, որ տեսել է, թե տեսել է, որ աշխատասենյակում ոստիկանապետ եղած ժամանակահատվածում Վարազդատ Ադամյանը գումար է տվել Վարազդատ Մանուկյանին»,-ասաց նա՝ նշելով, որ հենց այս ցուցմունքի հիման վրա էլ գործարքը շինծու էր համարվել:
Փաստաբանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ նախկին ոստիկանապետը նախկինում չարաշահել է իր դիրքը, ունի բարձրաստիճան հովանավորներ:
«Ակնհայտ է նաև, որ Վարազդատ Ադամյանը դատական համակարգում ևս հովանավորներ ունի, շատ ազդեցիկ է, և դատարանները կարող են այնպիսի ապօրինություններ անել, որ չենք էլ պատկերացնի»,-ընդգծեց նա:
Նշենք, որ ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է կատարվում հուլիսի 18-ին Վարազդատ Ադամյանի և նրա թիմակիցների կողմից հյուրանոց ներխուժելու մասին հաղորդման հիման վրա:
Հիշեցնենք, որ մամուլը գրում է, որ գնդապետ Վարազդատ Ադամյանը համակարգից հեռացվել էր Հովհաննես Թամամյանի գործով (պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական դիրքը իր ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար՝ շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, և պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Մանրամասները՝տեսանյութում։










