Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում ստանալ այլ երկրների քաղաքացիություն

17:39 • 01.08.17

Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, հայտարարել է, որ չի պատրաստվում ստանալ այլ երկրների քաղաքացիություն, քանի որ իրեն համարում է Ուկրաինայի քաղաքացի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Այլ երկրի քաղաքացիություն ես չեմ պատրաստվում ստանալ, ես Ուկրաինայի քաղաքացի եմ»,- ասել է Սաակաշվիլին ԱՄՆ-ից ինտերնետ-կապի միջոցով տված մամուլի ասուլիսի ժամանակ:


Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում:


Սաակաշվիլին նախկինում հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացիությունից զրկվելուց հետո նա ունի միայն ուկրաինական քաղաքացիություն: