Նախնական տվյալներով՝ Շամիրամի սգո սրահում սպանվածներն են Զորիկ Օզմանյանը, Աղասի Քյալոյանը և Ամրո Օզմանյանը. գյուղապետ
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող հանդիսությունների սրահում արձակված կրակոցներից, ըստ նախնական տեղեկությունների, մահացել են Զորիկ Օզմանյանը, Աղասի Քյալոյանը և Ամրո Օզմանյանը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանը, ով երրորդ անձի ինքնության հետ կապված ընդգծեց. «Իմ կարծիքով՝ Ամրո Օզմանյանը»:
Նրա տեղեկացմամբ՝ սպանվածները եզդիներ են, կրակոցներ արձակած անձը՝ նույնպես, բայց ոչ Շամիրամից, այլ Արմավիրի մարզի գյուղերից, իսկ սպանվածները գյուղ էին եկել Ռուսաստանի Դաշնությունից:
Ի պատասխան հարցի, թե գյուղում ընտանիքների միջև կա՞ր թշնամանք, վենդետա, վերջինս ասաց. «Ես տեղյակ չեմ, սգո սրահում ներկա չեմ եղել, գյուղում ջուր չկար, եկել էի Երևան, դեպքը լսեցի, հետ եկա գյուղ»:
Հիշեցնենք, որ Շամիրամ գյուղի սգո սրահում կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա 3 զոհ, 5 վիրավոր։










