Սա անմարդկային ակտ էր, եզդիներն ահավոր ջղայնացած են Շամիրամի կոտորածից. Ազիզ Թամոյան

17:58 • 01.08.17

Tert.am-ի հետ զրույցում Աշխարհի ու Հայաստանի եզդիների միությունների նախագահ Ազիզ Թամոյանը, անդրադառնալով այսօր Շամիրամ գյուղում սգո սրահում իրականացված սպանդին, նշեց, որ նման անմարդկային քայլ դեռևս չէր գրանցվել: Նրա գնահատմամբ՝ եզդիական համայնքը բարկացած ու զարմացած է կատարվածից: 

-Պարո՛ն Թամոյան, որպես «Եզդիների ազգային միության» ու «Աշխարհի եզդիների միության» նախագահ՝ ինչպե՞ս եք գնահատում Շամիրամ գյուղում հասարակական միջոցառման ժամանակ մարդանց զանգվածային գնդակահարությունը: 

-Դա անմարդկային ակտ էր: Դա կարելի է համարել Ցեղասպանություն՝ ավտոմատով մտնել ժողովրդի մեջ…մասսայական… Դա ի՞նչ է նշանակում… Դա ամենակեղտոտ երևույթն է: Սենց բան մեր մեջ չէր եղել, սա առաջին անգամն էր: Համայնքը շատ վատ է գնահատում։ Հարյուրավոր մարդիկ ահավոր բարկացած են, զարմացած են։ Աշխարհում մենք մի բուռ ազգ են, մենք կոտորվող ազգ ենք, մենք պիտի համախմբվենք: Թե չէ սա ինչ է նշանակում… 

-Ինչ վարկածներ լսեցիք՝ ինչի՞ համար է նման արյունարբու քայլի դիմել: Փողի՞ :

-Ասացին, որ փողի համար, բայց քննչական մարմինները պետք է պարզեն:

-Իսկ լսե՞լ եք, որ սպանողի ու սպանվողների միջև հինավուրց վենդետա է եղել, իբր, սպանվողներն էլ նրա ազգականներին են սպանել:

-Նման բան էլ ասացին, որ եղել է: Վաղուց է եղել, Ռուսաստանում: Բայց դա, չէ, դրանից չէր կարող լինել… չեմ հավատում ես:

-Իսկ սպանողի ընտանիքին ճանաչո՞ւմ եք:

-Իրեն անձամբ չեմ ճանաչել, իր հորն եմ ճանաչել, պապին: Պապին խելացի մարդ էր... Չես կարող, էլի, դա բնավորության գիծ ա... Յուրաքանչյուր մարդն իր էությունն ունի, իր կենսագրությունը: Դրանով չի որոշվում, էլի:

-Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ լարվածությունն աճի և ավարտվի վենդետայով:

-Չեմ կարող էսօր ենթադրություններ անել:

-Իսկ պատրաստվում եք Ձեր հոգևոր առաջնորդի հետ միասին գնալ այդ գյուղերը, կոչ անել, որ հանկարծ նման քայլերի չդիմեն:

-Չէ, մեր հոգևոր առաջնորդներն էլ էդքան հեղինակություն չունեն մեր հասարակության մեջ: Առաջ նման բան կար, բայց հիմա էդ հարգանքը վերացվել է: Ու որ գնա էլ, ոչինչ չի ստացվի:

-Դուք էլ աշխարհիկ առաջնորդ եք, Դո՛ւք գնացեք:

-Ոչ, իմ դեպքում էլ չի օգնի:

-Ձեր ազգականներին տեսակցեցի՞ք:

-Չէ, վերակենդանացման բաժանմունքում են, մեկին վիրահատել են, մյուսին՝ դեռ չէ: Մեկը գիտակցության էր, մյուսը չէ:

-Անուն-ազգանուններն ինչպես են իրենց:

-Սմոյաններ: