Մայք Փենսը հայտարարել է, որ Թրամփը մտադիր է ստորագրել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին օրենքը

13:13 • 01.08.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ստորագրել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին օրենքը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հայտնում է interfax.ru-ն:


«Նախագահ Թրամփը մտադիր է ստորագրել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին փաստաթուղթը: Մենք ցանկանում ենք դրանց չեղարկումը, բայց դա հնարավոր է միայն Ռուսաստանի կողմից իր ստանձնած պարտավորությունները կատարելու դեպքում, սակայն Ռուսաստանի վերջին դիվանագիտական քայլերը, ցավոք, հակառակի մասին են խոսում»,- ասել է Փենսը Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում։


Հիշեցնենք, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրենքն ավելի վաղ ընդունել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը:


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների Սենատի կողմից ընդունված նոր հակառուսական օրինագիծը, ասել էր, որ դա լկտիություն է:


Մոսկվան որոշել է ի պատասխան օրենքի ընդունման մինչև սեպտեմբեր կրճատել Ռուսաստանում ԱՄՆ դիվանագետների թիվը: 


Վաշինգտոնին առաջարկվել է Ռուսաստանում թողնել դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 455 աշխատակցի, նույնքան ռուս դիվանագետ է գտնվում ԱՄՆ-ում:


Ամերիկյան դեսպանատունն օգոստոսից նաև չի կարողանա օգտագործել Սերեբրյանի բորում գտնվող ամառանոցը և Մոսկվայի Դորոժնայա փողոցում պահեստները: ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանն իրավունք է վերապահում ձեռնարկել նաև այլ քայլեր, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ի շահերին:


Դիվանագիտական սեփականության նկատմամբ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 1-ից: