Վենեսուելայի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են ընդդիմության առաջնորդներին՝ նրանց տներում (տեսանյութ)

16:21 • 01.08.17

Վենեսուելայի անվտանգության աշխատակիցները գիշերն իրականացրած գործողությունների ընթացքում իրենց տներում ձերբակալել են ընդդիմության երկու առաջնորդներին: Այդ մասին հայտնել են նրանց ընտանիքները։


Նրանց ձերբակալել են, երբ առաջնորդները նոր ցույցերի կոչ են արել նոր սահմանադրական ժողովի դեմ, հայտնում է Reuters գործակալությունը:


Լեոպոլդո Լոպեսը և Անտոնիո Լեդեսման տնային կալանքի տակ էին գտնվում:


«00:27, այն պահը, երբ բռնապետությունն առևանգեց Լեոպոլդոյին իմ տնից»,- Twitter-ում գրել է Լոպեսի կինը՝ Լիլիան Տինտորին: Նա նաև տեսանյութ է տեղադրել, որում երևում է՝ ինչպես են նրա ամուսնուն նստեցնում մեքենան:


Լոպեսը և Լեդեսման Կարակասի նախկին քաղաքապետերն են և այժմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ամենախիստ քննադատներից են: Նրանք կիրակի կոչ էին արել վենեսուելացիներին դուրս գալ ցույցերի այդ օրն անցկացված սահմանադրական ժողովի ընտրությունների դեմ:


Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրությունները (հիմնադիր ժողով) կայացել են կիրակի: Այն ուղեկցվել է բախումներով, որոնց ընթացքում ավելի քան տասը մարդ է զոհվել:


Սահմանադրական ժողովը կստանա Սահմանադրությունը փոխելու և նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդների հսկողության տակ գտնվող Ազգային ժողովը ցրելու լիազորություն: Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և բողոքի նոր ակցիաների կոչ է անում:


Ավելի վաղ Վենեսուելայի ՆԳՆ-ն մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման սպառնալիքով արգելել էր ցույցերի և հանրահավաքների անցկացումը հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:


Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել էր սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ էր հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նաև բողոքում էին հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով Սահմանադրությունը փոփոխելու փորձ: Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով ավելի քան 110 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել: