Էդ ի՞նչ մի լավ բան արեց, որ ծափահարում եք. ՊՊԾ գնդի գործով դատավորը՝ հանրային պաշտպանին ծափահարող ամբաստանյալներին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 14-ի՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի քրեական գործի քննությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի կամքին հակառակ դատարանը որպես նրա շահերի պաշտպան ներգրավեց հանրային պաշտպան Արմինե Ֆանյանին: Վերջինս նշեց, որ ամբաստանյալի կամքին հակառակ չի կարող իրականացնել նրա շահերի պաշտպանությունը:
Դատական նիստի ընդմիջումից հետո դատարանը հայտնեց, որ ինչպես նախորդ նիստին ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին հայտնել էր, նրա պաշտպանի բացակայության պատճառով դիմել են Հանրային պաշտպանի գրասենյակ՝ հանրային պաշտպան տրամադրելու համար:
«Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հեռացվել է նիստերի դահլիճից դատարանին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, հետևաբար նրա պաշտպանի ներկայությունը պարտադիր է: Այդ հիմքով Հանրային պաշտպանի գրասենյակից ներկայացել է պաշտպան Սուզաննա Խչեյանը: Նիստերի դահլիճ ներկայացրեք Արեգ Կյուրեղյանին՝ նրա դիրքորոշումը պարզելու համար»,-ասաց դատավորը:
Արեգ Կյուրեղյանը հայտնեց, որ իր շահերը շարունակելու է պաշտպանել Մուշեղ Շուշանյանը և ինքն այլ պաշտպանի կարիք չունի:
Անկախ ամբաստանյալի կարծիքից՝ դատավորն ասաց, որ Սյուզաննա Խչեյանը ներգրավվում է որպես Արեգ Կյուրեղյանի շահերի պաշտպան:
Սուզաննա Խչեյանն ասաց, որ չի պատրաստվում իրականացնել Արեգ Կյուրեղյանի պաշտպանությունը, որովհետև նրա համաձայնությունը չունի և դատական նիստի շարունակման նպատակով ինքը չի մնա նիստերի դահլիճում:
«Ձեր արածը հակասահմանադրական է և հակասում է Եվրոպական համապատասխան կոնվենցիայի մի շարք կետերի: Ուստի, ես տվյալ դեպքում գտնում եմ, որ չեմ կարող իրականացնել Արեգ Կյուրեղյանի պաշտպանությունը, քանի որ իմ ներկայությունը դատարանում կրելու է ձևական բնույթ: Տեղեկացնում եմ նաև, որ դեռևս նախաքննության փուլում Արեգ Կյուրեղյանը հանրային պաշտպանից հրաժարվել է, տվյալ դեպքում՝ իմ պաշտպանությունից, և հետևաբար այստեղ մնալս հակասում է նրա պաշտպանության իրավունքին: Այդ հիմքով ես հայտարարում եմ, որ դահլիճից հեռանում եմ, չեմ կարող իրականացնել Արեգ Կյուրեղյանի պաշտպանությունը»,- ասաց հանրային պաշտպանը:
«Ես հասկացա Ձեզ: Պարզաբանեմ, որ անձը ունի պաշտպանության իրավունք, ևԱրեգ Կյուրեղյանի արտահայտությունը չի բխում օրենքից: Միգուցե գնաք, տեսակցեք, համաձայնի, նրա չհամաձայնելը հիմք չէ դատարանին»,-ասաց դատավորը:
Փաստաբանն ասաց, որ դատարանի կողմնորոշումը հակասում է Սահմանադրությանը, բացի դրանից՝ որպես ի՞նչ գնա ՔԿՀ նրան տեսակցելու, կամ ինչպե՞ս տեսակցի, եթե նրա պաշտպանը չէ:
«Սուզաննա Խչեյան, ես ձեզ արգելում եմ լքել նիստերի դահլիճը, դա կդիտվի անհարգալից վերաբերմունք»,- ասաց դատարանը, սակայն փաստաբանը լքեց նիստերի դահլիճը:
Ամբաստանյալները ծափահարեցին նիստերի դահլիճը լքող փաստաբանին, ինչին ի պատասխան՝ դատավորն ասաց. « Տղաներ, էդ ի՞նչ մի լավ բան արեց, որ ծափահարում եք»:
«Օրենքն է պաշտպանում»,-ասացին ամբաստանյալները:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ փաստաբանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո փաստաբանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ պատասխանատվության ենթարկելու մասին դիմում հղել Փաստաբանների պալատին:










