«Կկարոտենք Ձեզ». սանկցիաներ փաստաբանների նկատմամբ, ինքնաբացարկի մերժում ու նիստի հետաձգում ՊՊԾ գնդի գործով դատական նիստին

18:05 • 02.08.17

 

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 14-ի՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի քրեական գործի քննությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Դատական նիստի ընթացքում դատարանը,  չնայած ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արեգ Կյուրեղյանի անհամաձայնությանը, հանրային պաշտպաններ ներգրավեց, սակայն պաշտպանները, չունենալով նրանց համաձայնությունը, հրաժարվեցին իրականացնել ամբաստանյալների պաշտպանությունը: Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպանության համար ներկայացած Արմինե Ֆանյանը հրաժարվեց իրականացնել պաշտպանությունը, սակայն մնաց նիստերի դահլիճում, որովհետև այլ պաշտպանյալ ունի: Արեգ Կյուրեղյանի պաշտպանությունն իրականացնելու համար ներկայացած Սուզաննա Խչեյանը լքեց նիստերի դահլիճը և ենթարկվեց դատական սանկցիայի:

Այնուհետև փաստաբան Արա Զաքարյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց այն հիմնավորմամբ, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բազմաթիվ այլ գործեր է քննել և այդ գործերով ևս դատավորին վայել վարքագիծ չի դրսևորել:

«Բայց այս նիստին դուք հանդուրժողականություն չեք կարողանում ցուցաբերել, ինչպես նաև այնպիսի բաներ եք ասում, որոնք տարրական գիտելիքներ ունեցող անձն իրեն թույլ չի տա. Ինեսսա Պետրոսյանին պարոնով եք դիմել, Լուսինե Սահակյանին ամբաստանյալ եք անվանել, մատ թափ տալով՝ փաստաբաններին սպառնացել եք, որ նրանց նկատմամբ խափանման միջոց կկիրառեք: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե դուք հերթական անգամ զայրանաք ու որոշեք խափանման միջոց կիրառել փաստաբաններից որևէ մեկի նկատմամբ»,- ասաց Արա Զաքարյանը:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և վերադառնալուց հետո հրապարակեց ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը:

Այսօր նաև փաստաբանները միջնորդեցին, որպեսզի դատարանը վերացնի ամբաստանյալների նկատմամբ կիրառված սանկցիան և նրանք բերվեն նիստերի դահլիճ: Դատավորը մերժեց միջնորդությունը։

Փաստաբաններ Հարություն Բաղդասարյանը, Հրանտ Գևորգյանը, Արայիկ Պապիկյանը և Դավիթ Գյուրջյանը դատարանին հայտնեցին, որ իրենց պաշտպանյալների բացակայության պայմաններում չեն կարող ներկա գտնվել դատարանի դահլիճում: Դատարանը կարգադրեց չհեռանալ նիստերի դահլիճից, այլապես դա կդիտվի անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:

Պաշտպաններն ասացին, որ հրահանգ ունեն պաշտպանյալներից իրենց բացակայության պայմաններում չգտնվել նիստերի դահլիճում:

Պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը, իսկ դատարանը նրանց նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմելով Փաստաբանների պալատ:

Դատավորը այնուհետև հետաձգեց դատական նիստը, և ասաց, որ դատավարության կողմերը կարող են արձակուրդի մեկնել օգոստոս ամսվա 1-15-ը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 23-ին: «Կկարոտենք ձեզ»,-տեղից արձագանքեցին ամբաստանյալները: