Բույսերի համար ամբողջ գիշեր լինելու է զով և կրիտիկականի չհասնող ջերմաստիճան. փոխնախարար (տեսանյութ)

13:21 • 02.08.17

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացմանը և հողօգտագործողներին խորհուրդներ տվեց այգիներում կատարվող աշխատանքների հետ կապված:

Նա նկատեց, որ գիշերային ջերմաստիճանը չի գերազանցում +26-ը, ինչը նշանակում է, որ բույսերի համար ամբողջ գիշեր լինելու է զով և կրիտիկականի չհասնող ջերմաստիճան: Նա հորդորեց այգիներում հիմնական բուժման աշխատանքը վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, հակառակ դեպքում այդ աշխատանքների էֆեկտիվությունը ցածր կլինի:

«Այն վայրերում, որտեղ չկա ոռոգման ջրի խնդիր, հնարավորության դեպքում արդյունավետ կազմակերպել ոռոգումը, որքան հնարավոր է ջուրն օգտագործեն գիշերային ժամերին, ինչի դեպքում արդյունավետությունը բարձր կլինի։ Իսկ այն հողօգտագործողները, ովքեր իրենց այգիներում, բանջարանոցներում ժողովրդի ասած` ջուրը առավոտվանից դրել են, լավ կլինի օրվա շոգ ժամերին ջրելը չդադարեցնեն, այլ անջատեն ուշ ժամերին կամ լուսադեմին»,- ասաց նա:

Փոխնախարարը հողօգտագործողներին խնդրեց ոռոգման աշխատանքների կազմակերպման ժամանակ հիմնականում իրար զիջելով, օգնելով աշխատեն և առաջնային ջուրը տալ այլ հողօգտագործողներին, որոնց մոտ կան բանջարաբոստանային մշակաբույսեր:

Անդրադառնալով բերքի պահպանմանը և հետագայում վնասներից և թունավորման խնդիրներից խուսափելուն՝ Աշոտ Հարությունյանը խորհուրդ տվեց բերքը պահել ստվերում, նկուղներում, այգիներում եղած տնակներում, կամ ծառերի տակ՝ ծածկելով դրանք կանաչ զանգվածով։ Նա կոչ արեց կրել անպայման պաշտպանիչ միջոցներ, սպիտակ գլխարկներ, զգեստներ, որպեսզի պաշտպանվեն արևի ճառագայթներից: