Շամիրամ գյուղի կրակոցներից տուժածներից հիվանդանոցում բուժում է ստանում 5 մարդ, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում

15:14 • 02.08.17

Երեկ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում սգո սրահում տեղի ունեցած կրակոցներից 8 վիրավորներից հիվանդանոցներում է գտնվում 5 հիվանդ, որոնցից՝ 3-ը «Աստղիկ», իսկ 2-ը՝ Աշտարակի բժշկական կենտրոնում:

Բոլոր հիվանդների, այդ թվում «Աստղիկ» ԲԿ-ում հիվանդների (որոնց վիճակը գնահատվում էր առավել ծանր) կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելին՝ բոլորի մոտ արձանագրվել է դրական դինամիկա:

Այս մասին Tert.am–ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ Շամիրամ գյուղի սգո սրահում հնչած կրակոցների հետևանքով 4 մարդ է սպանվել։ Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյան: Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: