Պենտագոնն անվտանգության նկատառումներով դադարեցրել է օտարերկրացիների ընդունումն իրենց շարքեր.Fox News
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը դադարեցրել է օտարերկրացիների ընդունումը ծառայության՝ «անվտանգության համար պոտենցյալ ռիսկերի» առնչությամբ, հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ խոսքը, այսպես կոչված, MAVNI ծրագրի մասին է, որը հնարավորություն էր տալիս ներգաղթյալներին և անհրաժեշտ մասնագիտությունների տիրապետող ոչ ներգաղթյալներին ընդունվել ԱՄՆ զինված ուժերում ծառայության՝ ամերիկյան քաղաքացիության արագացված տրամադրման դիմաց: Ծրագրի գաղափարն առաջացել էր դեռ Ջորջ Բուշ Կրտսերի նախագահության օրոք, իսկ սկսել էր գործել Բարաք Օբամայի նախագահության օրոք՝ 2009 թվականին: Այս տարիների ընթացքում ծառայության է ընդունվել ավելի քան 10 հազար մարդ:
«Ռազմական գերատեսչությունն ուսումնասիրում է MAVNI ծրագիրը՝ դրա հետ կապված անվտանգության համար պոտենցյալ վտանգների առնչությամբ»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Պոլ Հավերսթիքը:
Fox News-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հավելել է, որ Պենտագոնի պաշտոնյաների խոսքերով՝ ծրագիրը մինչ այժմ գործում է, սակայն նոր դիմումներ ժամանակավորապես չեն ընդունվում:
Նշվում է, որ չնայած գերատեսչությունում տվյալներ չկան այն մասին, որ ներգաղթյալների անվան տակ ծառայության են անցել ահաբեկչական կազմակերպությունների աջակիցներ, դրա հնարավորությունն «անհանգստության պատճառ է մնում»:










