Մոլդովան ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինին «անցանկալի անձ» է ճանաչել
Մոլդովայի կառավարությունն «անցանկալի անձ» է ճանաչել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առաջարկում եմ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին «անցանկալի անձ» ճանաչել Մոլդովայում և արգելել նրան հատել մեր երկրի տարածքը»,- նիստի ժամանակ հայտարարել է երկրի արտգործնախարար Անդրեյ Գալբուրը:
Որոշումը հավանության է արժանացրել կառավարության անդամների մեծամասնությունը:
Ռոգոզինն ավելի վաղ մեղադրել է Մոլդովայի իշխող կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկին Քիշնև և Տիրասպոլ իր այցը տապալելու համար: «Նրա նպատակն էր մեզ Ռումինիայի դեմ հանել, և դա արել են ուրիշի միջոցով»,- հայտարարել է Ռոգոզինը: Նա նշել է, որ իր թռիչքի ճանապարհն ամբողջությամբ համաձայնեցված է եղել Մոլդովայի իշխանությունների հետ:
Ռումինիայի իշխանությունները հուլիսի 28-ին Մոսկվայից Քիշնև թռչող ինքնաթիռում պատժամիջոցների տակ գտնվող անձի գտնվելու պատճառով թույլ չէին տվել 165 ուղևոր տեղափոխող S7 ինքնաթիռին հատել երկրի օդային տարածքը: Ինքնաթիռը, որով Ռոգոզինի գլխավորած պատվիրակությունն ուղղվում էր Մոլդովա, ստիպված էր եղել գնալ Մինսկի արևմտյան աերոդրոմ:
«Ռումինիայի իշխանությունները վտանգի են ենթարկել S7 չվերթի ինքնաթիռի ուղևորների, կանանց և երեխաների կյանքը: Վառելիքը բավարարել է միայն մինչև Մինսկ: Սպասեք պատասխանի, տականքներ»,- գրել էր Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Twitter-ի իր էջում՝ մեկնաբանելով Ռումինիայի և Հունգարիայի իշխանությունների որոշումը՝ թույլ չտալ իրեն տեղափոխող ինքնաթիռին իրենց տարածքով շարժվել դեպի Քիշնև:
Ռումինիայի իշխանություններն իրենց որոշումը պատճառաբանել են ուղևորներից մեկի՝ մասնավորապես Ռոգոզինի «քաղաքական պատժամիջոցների ենթարկված անձ» լինելու փաստով։










